Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) նախատեսում է մինչեւ 2030թ. լիովին հրաժարվել Ռուսաստանից միջուկային վառելիքի ներմուծումից։ Այս մասին հաղորդել է Financial Times (FT)-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նրա տվյալներով՝ ատոմակայանների վառելիքի մատակարարման շղթաները վերակազմակերպելու համար անհրաժեշտ են 241 մլրդ եվրոյի ներդրումներ։ Միության երկրներն արդեն իսկ ուրան են գնում Ղազախստանում, Կանադայում եւ Նիգերում։ Սակայն աֆրիկյան երկրում, որն աշխարհում ուրանի յոթերորդ խոշոր արտադրողն է, քաղաքական անկայունությունը վերջնական արտադրանքը դարձնում է ավելի թանկ, ինչը շահեկան չէ Եվրամիության համար։

ԵՄ երկրորդ խնդիրը մնում է օգտագործված միջուկային վառելիքի վերամշակումը: Անանուն աղբյուրների համաձայն՝ միությունը պետք է ստեղծի թափոնների հեռացման համակարգ, որը կարող է մրցակցել ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ: Սակայն այս ոլորտում ներդրումները ներկայում «ուշացած» են թվում։

Այս բոլոր նախաձեռնությունները ծագել են ԵՄ-ի կողմից միջուկային էներգիայի նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին: Համայնքում ներկայում գործում է 101 միջուկային ռեակտոր, որոնցից 19-ը խորհրդային ջրա-ջրային էներգետիկ ռեակտորների շարքից է: