Իրանն իրեն իրավունք է վերապահում «ամբողջ ուժով դիմադրել ԱՄՆ ռազմական ագրեսիային»՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է իսլամական հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածվել է Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումից հետո։
«Արտաքին գործերի նախարարությունը խստագույնս դատապարտում է Իրանի խաղաղ նշանակության միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ դաժան ռազմական ագրեսիան։ Իսլամական հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ամբողջ ուժով դիմադրել ԱՄՆ ռազմական ագրեսիային, ինչպես նաև ապահովել երկրի սեփական անվտանգությունն ու ազգային շահերը», - ասվում է հայտարարության մեջ։
Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի ատոմային արդյունաբերության օբյեկտների վրա հարձակումը «սարսափելի հարված է միջուկային զենքի չտարածման ռեժիմին»։