«Երբեւիցե չեմ ցանկացել պատգամավոր ընտրվել»,-այսօր` հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը: Նա նաեւ հերքեց մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե առաջարկ է ստացել գլխավորել Հայաստանի հանրապետական կուսակցության Քանաքեռ-Զեյթունի նախընտրական շտաբը, կամ գլխավորել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը: «Այդ մասին մամուլից եմ լսում, ընդհանրապես` ամեն ինչի մասին մամուլից եմ լսում»,- ասաց Մ. Պողոսյանը:
Հարցին, թե արդյոք ունի՞ բիզնեսներ, Մ. Պողոսյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 1995 թվականից ես բիզնեսով զբաղվել եմ, հիմնադրել եմ «Քեթրին» կազմակերպությունը, որը բավական լուրջ հաջողությունների է հասել: Բայց 2007 թ.-ից հետո, երբ նշանակվեցի Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, ես բիզնեսները… վաճառել ասեմ, թողել ասեմ…ես պետական պաշտոնյա եմ, եւ 2007 թ. հետո ոչ մի բիզնեսի հետ առնչություն չունեմ»:
Սակայն, ըստ Մ. Պողոսյանի, ինքը շարունակում է մնալ մի շարք շենքերի սեփականատեր, որոնք վարձով տրված են «Քեթրին» ընկերությանն ու «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցին: «Դա լիովին բավարար է, որ ես աշխատեմ պետական պաշտոնում եւ ֆինանսապես ապահովված լինեմ»,- ասաց Մ. Պողոսյանը:




























