Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Մրցաշարի նորեկ, գրոսմայստեր Մարիա Կուրսովան, չնայած 6 անընդմեջ հաղթանակ է տարել, սակայն ունի 5 միավոր եւ առաջին տեղը բաժանում է Աննա Հայրապետյանի հետ:
NEWS.am-ի թղթակիցը ճեպազրույց ունեցավ կանանց առաջնության գլխավոր մրցավար Արմեն Նիկողոսյանի հետ եւ խնդրեց պարզաբանել ստեղծված իրավիճակը:
«Մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի անդամ Նելլի Աղինյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց հետագա մասնակցությունից: Քանի որ նա 50 տոկոսից պակաս պարտիաների էր մասնակցել, ապա կանոնակարգով նրա վաստակած միավորները չեղյալ են հայտարարվել: Այդ իսկ պատճառով Մարիա Կուրսովայի արդյունքից մեկ միավոր է հանվել: Շրջանաձեւ մրցակարգով անցկացվող մրցումներում նման դեպքերում այդպես են վարվում:
Սակայն Մարիա Կուրսովան դեռեւս առավելություն ունի Աննա Հայրապետյանի նկատմամբ: Նախ նա մեկ պարտիա քիչ է անցկացրել, ուստի կորցրած միավորներով մնում է մրցաշարի միանձնյա առաջատարը, բացի այդ Նելլի Աղինյանի նկատմամբ տարած հաղթանակի համար ստանալու է համապատասխան վարկանիշային միավորները»:
Մեկօրյա ընդմիջումից հետո այսօր, հունվարի 18-ին տեղի են ունենում 7-րդ տուրի պարտիաները:




























