ԽՍՀՄ հավաքականի նախկին պաշտպան Եվգենի Լովչեւը, մեկնաբանելով Ռուսաստանի հավաքականի 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Սլովենիայի հավաքականից կրած 0:1 հաշվով պարտությունը, մրցակցին անտաղանդ է անվանել, հաղորդում է REGNUM գործակալությունը: Միեւնույն ժամանակ Լովչեւը նշել է, որ Գուս Հիդինկի սաները եւս անտաղանդ խաղ էին ցուցադրում:

«Ես հիմա էլ վստահ եմ, որ մեր հավաքականն ուժեղ է Սլովենիայի այդ անտաղանդ թիմից: Այնպես ստացվեց, որ մեր թիմը ՀԱՀ չի գնում, մեծ հաշվով քննարկելու բան էլ չկա: Մեր թիմն անտաղանդ խաղ էր խաղում: իսկ երբ զարթնեց 2-րդ խաղակեսում, ճիշտն ասած, մրցավարները չթողեցին, որ շունչ քաշի»,- հայտարարել է Լովչեւը:

Նշենք, որ Ռուսաստանի հավաքականը խաղն ավարտեց 9 հոգով. Մրցավարը հեռացրեց Կերժակովին եւ Ժիրկովին. Դարպասապահի դեմ խախտման համար հեռացվեց փոխարինման դուրս եկած Կերժակովը, ապա նրան հետեւեց Յուրի Ժիրկովը, որը երկրորդ դեղինը ստացավ:

Խաղի ու երկու խաղերի դիմակայության ելքը որոշեց սլովենացի Զլատկո Դեդիչի՝ 44-րդ րոպեին խփած գոլը: