Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը նախորդ օրը Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ քննարկել են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, հայտնում է Reuters-ը։

«Կարևորագույն պահ են մնում անվտանգության երաշխիքները՝ Ռուսաստանի նոր ներխուժումները կանխելու համար, և հենց այս տեսանկյունից են Անքորիջում ամենահետաքրքիր իրադարձությունները գրանցվել», - ասվում է Մելոնիի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ Թրամփն ուշադրություն է դարձրել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Իտալիայի ավելի վաղ արված առաջարկին, որը «ներշնչված է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածով»։

«Առաջարկի ելակետը հավաքական անվտանգության մասին դրույթի սահմանումն է, որը թույլ կտար Ուկրաինային օգտվել իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցությունից, որոնք պատրաստ են միջոցներ ձեռնարկել նրա վրա կրկին հարձակվելու դեպքում», - ավելացրել է Մելոնին։