Հնդկաստանն ակնկալում է, որ Ալյասկայում Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո ԱՄՆ-ն կհետաձգի կամ կչեղարկի Նյու Դելիի կողմից ռուսաստանյան նավթի գնումների համար երկրորդային պատժամիջոցների սահմանումը։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Հնդկաստանի կառավարության աղբյուրը։
«Կարծում ենք, որ կարող ենք զիջում ստանալ 25%-անոց մաքսատուրքի հարցում, որը երկրորդային պատժամիջոց է։ Ռուսաստանյան նավթ ենք գնում։ Հուսով ենք, որ այն (մաքսատուրքը - նշ. ТАСС), հնարավոր է, չի սահմանվի կամ կհետաձգվի, հնարավոր է՝ երեք ամսով», - ասել է նա։
Բացի այդ, ըստ աղբյուրի, Հնդկաստանը հույս ունի, որ ռուսաստանյան և ամերիկյան առաջնորդների հանդիպման արդյունքները դրական կազդեն Նյու Դելիի և Վաշինգտոնի առևտրային բանակցությունների վրա։
«Մեր բանակցությունները շատ մոտ էին ավարտին։ Գրեթե բոլոր արդյունաբերական ապրանքների շուրջ պայմանավորվածությունների ենք հասել։ Ուստի կարծում ենք նաև, որ սա (հանդիպման արդյունքները - նշ. ТАСС) հնարավորություն կտա շարունակել առևտրային բանակցությունները», - ասել է նա։
Օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն հայտարարել է Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին՝ ռուսաստանյան նավթ և նավթամթերք ձեռք բերելու կապակցությամբ։ Հաշվի առնելով այս մաքսատուրքերը՝ հանրապետությունից ԱՄՆ ներմուծման սակագները հասցվել են 50%-ի։
Թրամփը քննադատել է Հնդկաստանին այն բանի համար, որ նա «միշտ ռազմական տեխնիկայի մեծ մասը գնել է Ռուսաստանից» և «Չինաստանի հետ մեկտեղ ռուսաստանյան էներգառեսուրսների խոշորագույն գնորդն է»։ Հնդկաստանի ԱԳՆ-ն ռուսաստանյան նավթի ներկրման պատճառով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարձակումներն անհիմն է որակել։ Պուտինի հետ բանակցություններից հետո Թրամփը չի բացառել, որ Վաշինգտոնը ներմուծման մաքսատուրքեր չի սահմանի Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ։