Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցցանցում հայտնել է, որ երկուշաբթի՝ օգոստոսի 18-ին, Սպիտակ տանը կմասնակցի ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը։

Ըստ նրա, ինքն այսօր Բրյուսելում կհանդիպի Ուկրաինայի նախագահին։

«Նախագահ Զելենսկու խնդրանքով ես վաղը կմիանամ նախագահ Թրամփի և եվրոպացի այլ առաջնորդների հետ հանդիպմանը Սպիտակ տանը», - հավելել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Սպիտակ տանը տեղի կունենա Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։

Գագաթնաժողովից անմիջապես հետո Թրամփը զանգահարել է Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին։ Ըստ լրատվամիջոցների, քննարկվել են տարածքային զիջումները, և խոսակցությունը «դժվար» է եղել։