ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուրբաթ օրը կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված զգալի առաջընթացը ստիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել անհապաղ հրադադարի իր ձգտումից և փոխարենը աշխատել ավելի լայն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։

«Մենք այս հանդիպմանը այնքան մեծ առաջընթաց գրանցեցինք խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ մյուս բոլոր բաղադրիչների վերաբերյալ, որ մենք, նախագահ Թրամփը, կենտրոնացանք դրա վրա»,- ասել է Ուիթքոֆը։

Ըստ նրա, այժմ նկատվում է ավելի լայնածավալ խաղաղության համաձայնագրի կնքման միտում, որը վերացնում է անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը։

«Մենք մտադիր ենք փորձել կնքել խաղաղության համաձայնագիր, որը շատ, շատ արագ կդադարեցնի ռազմական գործողությունները։ Ավելի արագ, քան հրադադարը։ Մենք քննարկել ենք բոլոր այն հարցերը, որոնք անհրաժեշտ կլիներ քննարկել և համաձայնեցնել հրադադարի ընթացքում»,- ասել է ԱՄՆ հատուկ բանագնացը։

Ըստ նրա, ռուսաստանյան կողմն իր դիրքորոշումները մեղմացնելու հարցում նույնիսկ ավելի հեռուն է գնացել, քան նախորդ հանդիպումներին։

«Առաջին անգամ մենք տեսնում ենք զիջումների ավելի շատ հնարավորություններ, քան երբևէ նախկինում, և, անշուշտ, ավելին, քան նախորդ վարչակազմի օրոք։ Սա հուսադրող է։ Այժմ մենք պետք է զարգացնենք սա, և պետք է գործարք կնքենք ուկրաինացիների համար»,- ասել է Ուիթքոֆը։