Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեյովն Արցախի դեմ ագրեսիվ պատերազմի արդյունքում Բաքվի ձեռք բերած զենքն Ուկրաինային վաճառելու կոչ է արել: 

«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք վերացնել Ուկրաինային զենքի վաճառքի արգելքը, և այս քայլը պետք է արվի։ Մենք պետք է գործենք՝ առանց Ռուսաստանի հայտարարություններին ուշադրություն դարձնելու»,- պնդել է նա։

Մուսաբեյովը հայտարարել է, թե Նախիջևանում ադրբեջանական բանակն ամբողջությամբ անցել է թուրքական զենքի, ուստի «այնտեղ բավականաչափ զրահատեխնիկա է մնացել»։

 «Կան Град կայանքներ և այլ սարքավորումներ, որոնք այլևս պահեստավորման կարիք չունեն: Այս սարքավորումները կարող են վաճառքի ուղարկվել Ուկրաինա: Մի ժամանակ Ուկրաինան մեզ վաճառում էր խորհրդային զենք. Ադրբեջանին մատակարարվում էին թե՛ տանկեր, թե՛ «МиГ-29» կործանիչներ: Հիմա ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ Ադրբեջանն իր հերթին Ուկրաինային արտոնյալ գներով վաճառի խորհրդային զենք, որը մեզ այլևս պետք չէ: Ավելին, այդ միջոցների համար մեծ հաճույքով վճարում են եվրոպական երկրները: Լրացուցիչ բացատրություն պետք չէ. ում դուր է գալիս՝ դուր է գալիս, ում դուր չի գալիս՝ կարևոր չի։

Մի ժամանակ հայերը գրավեցին մեր տարածքները: Ռուսաստանը նրանց անվճար միլիարդավոր դոլարների զենք տրամադրեց, որը տեղադրվեց գրավյալ հողերում և օգտագործվեց Ադրբեջանի դեմ: Եթե Ռուսաստանը դա արեց առանց վարանելու, ապա Ադրբեջանը նույնպես պետք է գործի՝ Մոսկվային ստիպելով ընդունել դա: Բայց, կրկնում եմ, պետք չէ նրանց հետ լեզվակռվի մեջ մտնել: Եթե նրանք գործեն, մենք պետք է պատասխանենք գործողություններով»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նշել է ադրբեջանցի պատգամավորը: