«Վազգեն Գալստանյանը 1995 թվականին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ։ Գիտեմ դատական կարգը, բայց իմ առաջարկն ու հորդորն է՝ ինձ Վազգեն Գալստանյան չդիմել։ Հասկանում եմ, որ կարող եք պատճառաբանել, թե դա քաղաքացիական դիմում է, բայց ես 1995 թվականից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 այլ անձանց գործով առաջին դատական նիստի ժամանակ դատավորի դիմելով ասաց Բագրատ Սրբազանը։
Երբ դատավորը հարցրեց՝ ամուսնացա՞ծ է, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Վստահաբար, երեխաներ էլ չունեմ»։
Բագրատ Սրբազանի առաջարկով դատական առաջին նիստը մեկնարկեց աղոթքով։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։
Նախնական դատալսումների ընթացքում, ըստ ամենայնի, քննության առարկա կդարձվի նաև խափանման միջոցների հարցը։
NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ, մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել դատարանի բակում՝ ի աջակցություն Բագրատ Սրբազանի։





























