2025թ․ օգոստոսի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ներկայացրել է տեղեկատվություն «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի վճռի կատարման ընթացքի վերաբերյալ՝ անդրադառնալով նաև Նախարարների կոմիտեի կողմից ՀՀ-ին ուղղված առաջարկություններին։ Այս մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։
«Հիշեցնենք, որ «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2002թ․-ին դիմումատուի որդու՝ պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքներին։ Եվրոպական դատարանը արձանագրել է արդյունավետ քննության բացակայություն (Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում), ինչպես նաև իշխանությունների կողմից նրա զինծառայողի ստացած վնասվածքի և դրա հետևանքով մահվան վերաբերյալ արժանահավատ բացատրության բացակայությունը (Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական խախտում)։
ՄԻԵԴ վճիռների պատշաճ կատարումն առանցքային նշանակություն ունի Հայաստանում մարդու իրավունքների համակարգային խախտումների վերացման և իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման համար։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ՄԻԵԴ վճիռների և բարեկամական կարգավորումների պայմանների կատարման վերահսկողությունն իրականացվում է Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո։ Այդ գործընթացի շրջանակում՝ 9.2 կանոնի համաձայն, հնարավորություն է տրվում հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ազգային ինստիտուտներին ներկայացնել տեղեկանքներ՝ վճիռների կատարման ընթացքի վերաբերյալ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սկսած 2023 թվականից ներկայացնում է տեղեկանքներ «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» խւմբ գործերով ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ։
Այս տեղեկանքների միջոցով ՀՔԱՎ գրասենյակը բարձրաձայնում է ՀՀ զինված ուժերում առկա համակարգային խնդիրները, ներկայացնում է մահվան և ինքնասպանության դեպքերի վիճակագրություն, ինչպես նաև անդրադառնում է Նախարարների կոմիտեի արձանագրած խնդիրներին ու ներկայացնում առաջարկություններ՝ դրանց լուծման նպատակով։
Վերջին տեղեկանքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կոչ է անում Հայաստանի Հանրապետությանը՝
Բարձրացնել սպա-հոգեբանների մասնագիտական որակավորումը և ապահովել, որ զինված ուժերի բոլոր զորամասերը համալրվեն բավարար թվով որակավորված մասնագետներով։
Երաշխավորել սպա-հոգեբանների գործառնական անկախությունը՝ այնպես, որ նրանց կողմից տրվող հոգեբանական գնահատականները պարտադիր հիմք հանդիսանան զինծառայողների մարտական ծառայության նշանակման հարցում։
Սահմանել անանուն հաղորդումների մեխանիզմ՝ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեպքերը բացահայտելու նպատակով։
Ստեղծել ռազմական օմբուդսմենի ինստիտուտ՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համար։
Նախարարների կոմիտեին ուղղված առաջարկությունները հետևյալն են՝
Շարունակել հետևողական աշխատանքը՝ ՀՀ զինված ուժերում խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեպքերի վերաբերյալ անանուն հաղորդումների մեխանիզմի ներդրման ուղղությամբ, և կոչ անել ՀՀ կառավարությանը պարբերաբար ներկայացնել համառոտ տեղեկատվություն մեխանիզմի ներդրման և դրա գործարկման արդյունքների վերաբերյալ։
ՀՀ կառավարությունից պահանջել համապարփակ տեղեկատվություն զինված ուժերում սպա-հոգեբանների գործունեության վերաբերյալ, ներառյալ՝ ընդհանուր թիվը, մասնագիտական որակավորումն ու վերապատրաստումները, գործառնական անկախության աստիճանը որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև նրանց կողմից մատուցվող հոգեբանական ծառայությունների և միջամտությունների արդյունավետության գնահատումը։
ՀՀ կառավարությունից պահանջել լրացուցիչ վիճակագրական տվյալներ, մասնավորապես՝
թե քանի զինծառայող է ԶՈՒ-ում հաղորդել վատ վերաբերմունքի դեպքերի մասին թեժ գծի միջոցով,
և այդ հաղորդումներից քանիսն են հանգեցրել քրեական վարույթների հարուցման»,–ասված է հաղորդագրության մեջ։





























