Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի օրը Նյու Դելիում հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Մոդին նշել է, որ Հնդկաստանն ու Չինաստանը՝ բարեկամական փոխանակումների վաղեմի պատմությամբ հնագույն քաղաքակրթություններ են, իսկ 2024 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի Կազան քաղաքում երկու երկրների ղեկավարների հանդիպումը շրջադարձային պահ է դարձել երկկողմ հարաբերությունների բարելավման և զարգացման գործում։

Հնդկաստանի վարչապետը նշել է, որ Հնդկաստանն ու Չինաստանը գործընկերներ են, այլ ոչ թե մրցակիցներ, նրանք կանգնած են արագացված զարգացման հասնելու ընդհանուր խնդրի առջև և պետք է ընդլայնեն փոխանակումները, բարելավեն փոխըմբռնումը և խորացնեն համագործակցությունը, ինչը թույլ կտա աշխարհին զգալ հնդկա-չինական համագործակցության հսկայական ներուժը և պայծառ հեռանկարները։

Կողմերը պետք է նաև պատշաճ կերպով կառավարեն և լուծեն սահմանային հարցերը, որպեսզի կարողանան կանխել, որ տարաձայնությունները չվերաճեն վեճերի, ասել է նա։

Մոդին հիշեցրել է, որ այս տարի նշվում է Հնդկաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակը և երկու երկրները պետք է դիտարկեն միջպետական ​​հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարով։ Նա նշել է, որ «Ասիայի դարի» սկիզբը նույնպես անքակտելիորեն կապված է հնդկա-չինական համագործակցության հետ և երկու երկրները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ հանուն համաշխարհային զարգացման և ողջ մարդկության բարօրության։

Մոդին նաև հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է իր Չինաստան կատարելիք իր այցին՝ Տյանցզինում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար:

Վան Ին իր հերթին ողջունել է Մոդիի մասնակցությունը առաջիկա գագաթնաժողովին՝ նշելով, որ երկու երկրների ղեկավարները Կազանում կայացած հանդիպման ժամանակ կարևոր կոնսենսուսի են հասել։ Կողմերն այժմ իրականացնում են այդ կոնսենսուսը՝ նպաստելով երկկողմ հարաբերությունների բարելավման և զարգացման նոր փուլին, նշել է չինացի դիվանագետը։

Հնդկաստան կատարած իր այցը որակելով որպես երկու երկրների միջև բարձր մակարդակի շփումների նախապատրաստություն՝ Վանը նշել է, որ իր այցի ընթացքում Չինաստանը և Հնդկաստանը համաձայնության են եկել տարբեր ոլորտներում երկխոսության մեխանիզմները վերսկսելու, փոխշահավետ համագործակցությունը խորացնելու, բազմակողմանիության նկատմամբ հավատարմությունը պահպանելու, համաշխարհային մարտահրավերներին համատեղ արձագանքելու և միակողմանի ահաբեկչությանը հակազդելու վերաբերյալ։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը, անդրադառնալով սահմանային հարցերին, նշել է, որ կողմերը նոր կոնսենսուսի են հասել կանոնավոր կառավարում և վերահսկողություն իրականացնելու, սահմանամերձ շրջաններում խաղաղությունն ու հանդարտությունը պահպանելու, զգայուն ասպեկտներին պատշաճ կերպով մոտենալու և տարածքների այն հատվածների դեմարկացիայի վերաբերյալ բանակցություններ սկսելու շուրջ։

Վան Ին նշել է, որ երկկողմ հարաբերությունները վերելքներ և վայրէջքներ են ապրել և դրանցից քաղված դասերը պետք է հիշել։ Նրա խոսքով՝ անկախ ստեղծված իրավիճակից, կողմերը պետք է պահպանեն միմյանց ճիշտ դիրքավորումը որպես գործընկերներ, այլ ոչ թե որպես մրցակիցներ, հետևեն տարաձայնությունները ճիշտ կառավարելու սկզբունքին, որպեսզի սահմանային վեճերը չազդեն միջպետական հարաբերությունների ընդհանուր վիճակի վրա։

Վան Ին նշել է, որ ներկայիս միջազգային իրավիճակում չին-հնդկական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը և չին-հնդկական համագործակցության ռազմավարական արժեքը գնալով ավելի ակնհայտ են դառնում։ ՉԺՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարը հավելել է, որ կողմերը բարեխղճորեն կիրականացնեն երկու երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները, կուժեղացնեն տարբեր ոլորտներում առկա փոխանակումներն ու համագործակցությունը և կնպաստեն չին-հնդկական հարաբերությունների կայուն և երկարաժամկետ զարգացմանը՝ երկու երկրների ժողովուրդներին ավելի մեծ օգուտ բերելու համար։