Սիրիայի հարավում գտնվող դրուզներով բնակեցված Աս-Սուվեյդա նահանգում վատթարացող մարդասիրական իրավիճակը միջազգային հանրության կողմից անհապաղ գործողություններ է պահանջում, «Al Hadath» հեռուստաընկերությանը հայտնել է Իսրայելի լեռնային դրուզ համայնքի առաջնորդ շեյխ Մուվաֆակ Թարիֆը։ Նա ասել է, որ երեքշաբթի օրը Փարիզում հանդիպել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ։
«Զրույցի ընթացքում ես ամերիկացի միջնորդին փոխանցեցի մեր պահանջը՝ Աս-Սուվեյդայի և Իսրայելի դրուզ բնակավայրերի միջև մարդասիրական միջանցք բացելու վերաբերյալ», - նշել է շեյխը։ Թարիֆը պնդել է, որ սիրիացի դրուզները «շրջափակման մեջ են, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց կենսապայմանների վրա»։ «Մենք ցանկանում ենք խաղաղ լուծում, մեր ժողովրդի վրա հարձակումների դադարեցում և բոլոր գերեվարված քաղաքացիների ազատ արձակում», - ընդգծել է նա։
Ինչպես հաղորդում է սաուդյան «Asharq al Awsat» թերթը՝ հուլիսին միջկլանային բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 1600 մարդ։ Դա հանգեցրել են Սիրիայի հարավում ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների, ինչպես նաև սննդի, դեղորայքի և վառելիքի պակասի։
Ավելի վաղ Աս-Սուվեյդա քաղաքում անցկացվել են հանրային ցույցեր, որոնց ժամանակ պահանջել են մարդասիրական օգնության ավելացում և Իսրայելի հետ միջանցքի բացում՝ բնակչությանը սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարելու համար: Պարբերականի տվյալներով՝ Ալ-Քարամա հրապարակում ցուցարարները փողոց են դուրս եկել իսրայելական դրոշներով և տեղի արմատական շեյխ Հիքմեթ ալ-Հաջարիի դիմանկարներով, որին սիրիական իշխանությունները մեղադրում են անջատողական դիրքորոշումներ պահպանելու մեջ:




























