Թուրքիայի ընդդիմությունը թիրախավորել է արտգործնախարար Հաքան Ֆիդանին՝ փորձելով միմյանց դեմ հանել արտգործնախարարին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հինգշաբթի օրը գրել է «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, որը մտերիմ է կառավարական շրջանակների հետ։

Վերջերս ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներ հրապարակումներ էին արել՝ հղում անելով Թուրքիայի նախկին դեսպան ԱՄՆ-ում Նամիք Թանին, որոնք վերաբերում էին Ֆիդանի բարձրագույն կրթության դիպլոմի իսկությունը հետաքննելու անհրաժեշտությանը։ Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Ֆիդանը բախվել է իր բարձրագույն կրթության դիպլոմի վերաբերյալ մի շարք անհիմն մեղադրանքների։  Այդ արշավը վարում է հանրապետությունում արգելված FETÖ կազմակերպությունը, որի հետ Անկարան կապում է 2016 թվականի պետական հեղաշրջման փորձը։

«Օզգուր Օզելը (Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ - խմբ.) առաջինն է եղեկ, որ թիրախավորել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։ Չնայած Թուրքիայում օրակարգում նախագահական ընտրություններ չեն եղել և իշխող կուսակցության նախագահի թեկնածուն հայտնի է եղել, այնուամենայնիվ նա գրառում է արել Հաքան Ֆիդանի մասին։

«Դու նախագահ չես դառնա», - գրել է Սելվին։

Սյունակագրի կարծիքով, իշխող կուսակցության նախագահի թեկնածուն (պետության ներկայիս ղեկավարը - խմբ.) Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։

«Օզգուր Օզելը սա շատ լավ գիտի։ Ուրեմն ինչո՞ւ է նա դա անում։ Նա ուզում է միմյանց դեմ հանել նախագահ Էրդողանին և արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Բայց ո՛չ նախագահ Էրդողանը կիջնի այդ մակարդակին, ո՛չ էլ Հաքան Ֆիդանը կընկնի այս թակարդը», - կարծում է հոդվածագիրը։

Էրդողանը նախկինում Օզելին անվանել էր «հոգեբուժական գիտության առարկա»՝ ընդգծելով, որ նա «մինչև ականջները կեղտի մեջ է»։

Օզելը նախկինում կոչ է արել իշխանություններին այս տարվա նոյեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնել։ Էրդողանը, մեկնաբանելով այս կոչերը, ասել է, որ ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին և որ այլ օրակարգ չկա։ Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական, Իրավական քաղաքականության նախագահական խորհրդի փոխնախագահ Մեհմեթ Ուջումը ընդունել է Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունները 2027 թվականի վերջին եռամսյակում - 2028 թվականի սկզբին անցկացնելու հնարավորությունը։ Դա արվել է խորհրդարանի որոշման համաձայն։

Արդարադատության նախարար Յըլմազ Թունչն ավելի վաղ հայտարարել է, որ Էրդողանը կարող է առաջադրվել երրորդ ժամկետով, եթե խորհրդարանը որոշի վաղաժամկետ ընտրություններ անցկացնել։ Վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է 360 պատգամավորի ձայն. ամենամեծ ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական կուսակցությունը (ԺՀԿ) ներկայումս ունի 127 մանդատ, մինչդեռ Արդարություն և զարգացում կուսակցության և Ազգայնական շարժում կուսակցության իշխող դաշինքը՝ 315։

2017 թվականին իրականացված հանրաքվեի արդյունքներով Թուրքիան դարձել է նախագահական հանրապետություն։ Գործող Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարը կարող է պաշտոնը զբաղեցնել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։ 2023 թվականի մայիսին Էրդողանը վերընտրվել է հինգ տարի ժամկետով՝ երկրորդ անգամ։ Ընդդիմադիր կուսակցությունները նախընտրական քարոզարշավի ժամանակ պնդել են, որ իրականում խոսքը երրորդ ժամկետի մասին է, քանի որ Էրդողանը 2014-ից 2018 թվականներին եղել է նախագահ, բայց խորհրդարանական հանրապետության պայմաններում։