Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է, որ Դաղստանում գտնվող «Յարագ-Կազմալյար» անցակետում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի՝ 1989 թվականին ծնված Յադուլլա Ռամիզ օղլու Ռուֆուլլաևին։ ԱԴԾ-ն պնդում է, որ նա գաղտնի փաստաթղթեր է տեղափոխել, որոնք «գողացել է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի աշխատակցից», հետագայում դրանք Ուկրաինային փոխանցելու համար։
Ըստ հատուկ ծառայության, ձերբակալվածը խոստովանել է, որ գործել է իր հարազատ եղբոր՝ 1981 թվականին ծնված Ռուֆուլլաև Սաբուհի Ռամիզ օղլուի ցուցումով, ով բնակվում է Ուկրաինայում և ՍԲՈւ-ի գործակալ է։ Փաստաթղթերն ու բջջային հեռախոսը, ինչպես պնդում են ԱԴԾ-ում, նա վերցրել է Կուրգանի մարզի թաքստոցից և պատրաստվել է դրանք փոխանցել Ուկրաինային։
Գործակալությունը հայտարարել է, որ քրեական գործ է հարուցվել «թշնամուն օգնելու» հոդվածով, որը մինչև 15 տարի ազատազրկում է նախատեսում։
ԱԴԾ-ն նաև պնդում է, որ «օպերատիվ-հետախուզական միջոցառումներ» են իրականցվում՝ գործին ներգրավված այլ անձանց նույնականացնելու և պատվիրատուներին գտնելու համար։



























