ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը մի քանի շաբաթ առաջ ամերիկյան հետախուզական համայնքի համար հրահանգ է տվել, որով կարգադրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների մասին տեղեկատվությունը չփոխանցել «Հինգ աչք» դաշինքի Վաշինգտոնի գործընկերներին, հայտնում է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հետախուզական դաշինքի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։

Հուլիսի 20-ով թվագրված և Գաբարդի ստորագրած հուշագրում խաղաղ բանակցությունների վերաբերյալ բոլոր վերլուծական տեղեկատվությունն ու տվյալները դասակարգվում են որպես NOFORN (no foreign nationals), այսինքն՝ չեն կարող փոխանցվել այլ երկրների կամ օտարերկրյա քաղաքացիների, հայտնել են հեռուստաընկերության զրուցակիցները։ Բացառություն է այն տեղեկատվությունը, որն արդեն հրապարակվել է։

Ընդ որում, փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, չի արգելում դիվանագիտական տեղեկատվության փոխանցումը, որը ստացվել է ամերիկյան հետախուզության հետ չկապված այլ ուղիներով, կամ բանակցությունների հետ կապ չունեցող ռազմական օպերատիվ տեղեկատվության փոխանցումը, օրինակ՝ տվյալներ, որոնք ԱՄՆ-ն փոխանցում է ուկրաինացի զինվորականներին՝ նրանց պաշտպանական գործողություններին աջակցելու համար, նշում է CBS-ը։