Ռուսաստանը դիվանագիտության մեջ զգալի ջանքեր է գործադրում՝ էներգակիրների գնումների հարցում Հնդկաստանի բարեհաճությունը շահելու համար։ Կրեմլը մինչև օրս մտավախություն ունի երկրորդային պատժամիջոցներից, ասվում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) զեկույցում։
Մասնավորապես, օգոստոսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։
Վերլուծաբանները նշում են, որ նրանք քննարկել են ռուս-հնդկական հարաբերությունները, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում տնտեսական ներդրումների ընդլայնումը, ներառյալ նավթի, ածխաջրածինների մատակարարումները և ատոմային էներգետիկան։
Նախորդ օրը՝ օգոստոսի 20-ին, ՌԴ էներգետիկայի փոխնախարար Ռոման Մարշավինը հանդիպել է Հնդկաստանի նավթի և բնական գազի փոխնախարար Պանկաջ Ջայնի հետ՝ քննարկելու էներգակիրների առևտրի ոլորտում համագործակցության ընդլայնումը։
Բացի այդ, Լավրովը հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել Ջայշանկարի հետ և հայտարարել, որ Պուտինը, հավանաբար, մինչև 2025 թվականի վերջ կայցելի Հնդկաստան։
Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարն իր հերթին ասել է, որ Հնդկաստանը համարում է, որ Նյու Դելիի և Մոսկվայի միջև հարաբերությունները «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհի հիմնական հարաբերություններից ամենակայուններից են եղել»։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ինստիտուտը գրում է, որ Պուտինը և ՌԴ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ զգալի ժամանակ և էներգիա են ծախսում Հնդկաստանի հետ հարաբերությունները կայունացնելու և ամրապնդելու վրա։ Սա վկայում է այն մասին, որ Մոսկվան Նյու Դելիին դիտարկում է որպես եկամտի կարևորագույն աղբյուր։
«ISW-ն շարունակում է գնահատել, որ երկրորդային պատժամիջոցները, հավանաբար, էլ ավելի կազդեն ռուսաստանյան տնտեսության վրա՝ խաթարելով նավթից ստացվող ռուսաստանյան եկամուտները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Կրեմլը ֆինանսավորի Ուկրաինայի դեմ իր պատերազմը», - գրում են փորձագետները։
Նրանք նաև հավելել են, որ ՌԴ-ի ինտենսիվ փոխգործակցությունը Հնդկաստանի հետ վկայում է այն մասին, որ Մոսկվան փորձում է երաշխավորել, որ Նյու Դելին չի կրճատի ռուսաստանյան էներգակիրների գնումները պոտենցիալ երկրորդային պատժամիջոցների պատճառով։
Հիշեցնենք, որ երեկ Թրամփի առևտրային խորհրդական Փիթեր Նավարոն հայտարարել էր, որ Հնդկաստանը, գնելով ռուսաստանյան նավթ, սնուցում է ՌԴ-ի պատերազմն Ուկրաինայի դեմ։ Նա նաև հերքել է, թե երկիրը ռուսաստանյան նավթի կարիք ունի։
«Մինչև 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, Հնդկաստանը Ռուսաստանից ներկրում էր նավթի 1%-ից պակաս։ Ուստի այժմ այն փաստարկը, թե ինչ-որ կերպ այդ տոկոսն աճել է մինչև 30 կամ 35%, և թե նրանց ինչ-որ կերպ պետք է ռուսաստանյան նավթ... պարզապես անհեթեթություն է», - հայտարարել է Նավարոն։
Նա նաև կարծում է, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, արդեն հաջորդ չորեքշաբթի՝ օգոստոսի 27-ին, 50%-ով կբարձրացնի հնդկական ապրանքների մաքսատուրքերը։
Նշենք, որ երեկ Bloomberg-ը գրել էր, որ Հնդկաստանը և ՌԴ-ն ձգտում են հինգ տարվա ընթացքում առևտրի ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի։