Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը օգոստոսի 21-ի ուշ երեկոյան կրկին գրոհել են Բրյանսկի մարզում գտնվող «Ունեչա» նավթամղիչ կայանը, որը «Դրուժբա» նավթամուղի խոշորագույն հանգույցներից է։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին՝ «Մադյար» ծածկանունով։ «48 ժամում կվերանորոգեք», - գրել է նա իր տելեգրամյան ալիքում և հրապարակել, ենթադրաբար, նշված օբյեկտում բռնկված հրդեհի տեսանյութը։ Գրոհը հաստատել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նա նշել է, որ «Դրուժբա» նավթամուղով վառելիքի մատակարարումները դադարեցվել են։

Ամսվա սկզբից սա արդեն չորրորդ գրոհն է կայանի վրա, որը գտնվում է Բրյանսկի մարզի Ունեչայի շրջանի Վիսոկոյե գյուղում։ Օգոստոսի 6-ին առնվազն մեկ անօդաչու սարք հարվածել է օբյեկտի տարածքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Օգոստոսի 12-ին Ուկրաինայի ԶՈւ-ն HIMARS հրթիռներով հարվածել է կայանին՝ վնասելով պոմպերն ու խողովակաշարը։ Հրդեհ է բռնկվել նաև վերանորոգման արտադրամասի շենքում, և այրվել է նավթային պահուստարաններից մեկի տանիքը։ Կայանից այն ժամանակ տարհանվել է յոթ մարդ, իսկ հրդեհաշիջման ժամանակ տուժել է հրշեջ։ Օգոստոսի 13-ի գիշերը օբյեկտը կրկին հայտնվել է անօդաչուների գրոհի տակ։ Բացի այդ, օգոստոսի 18-ին Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Տամբովի մարզի «Նիկոլսկոյե» նավթամղիչ կայանին, որը նույնպես մտնում է «Դրուժբա» նավթամուղի համակարգի մեջ։ Գրոհների հետևանքով մայրուղով նավթի մղումը լիովին դադարեցվել է։ Առանց ռուսաստանյան վառելիքի են մնացել Հունգարիան և Սլովակիան։

Մասնավորապես, Սիյարտոն օգոստոսի 14-ին հայտարարել էր «Ունեչա» կայանին Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածների պատճառով մատակարարումների դադարեցման մասին, իսկ 18-ին «Դրուժբա» նավթամուղով վառելիքի մղման դադարեցման մասին հայտնել է Սլովակիայում մայրուղու տեղական օպերատորը։ Սակայն արդեն օգոստոսի 20-ին Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարումները վերսկսվել են։ «Ակնկալում ենք, որ Ուկրաինան այլևս չի գրոհի այս կենսականորեն կարևոր խողովակաշարը։ Սա մեր պատերազմը չէ։ Հունգարիան չպետք է միջամտի դրան», - ընդգծել է Սիյարտոն։ Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիս Սակովն իր հերթին նշել է նավթամուղի աշխատանքի արագ վերականգնումը և հույս հայտնել, որ մատակարարումների դադարեցումից վնասը նվազագույն կլինի։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների, օգոստոսի 21-ի երեկոյից Ռուսաստանի տարածքի վրա խոցվել է 54 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, դրանցից 19-ը՝ Բրյանսկի մարզի, 11-ը՝ Վոլգոգրադի, 8-ը՝ Ռոստովի, 7-ը՝ Վորոնեժի, 3-ական՝ Բելգորոդի և Օրյոլի, երկուսը՝ Կուրսկի մարզերի վրա և մեկը՝ Ղրիմի վրա։