Քանի որ ռուսական զորքերը առաջ են շարժվում, և Ուկրաինայի դիմակայելու ունակությունը կախված է զենքի մատակարարումից, «մենք պետք է աջակցենք Ուկրաինային մեր ունեցած ամեն ինչով, ներառյալ՝ TAURUS թևավոր հրթիռներով»,- Funke մեդիա խմբին տված հարցազրույցում հայտարարել է Բունդեսթագի փոխնախագահ Օմիդ Նուրիպուրը։
Ըստ Նուրիպուրի՝ Դոնալդ Թրամփի վրա հույս դնել չի կարելի. եվրոպացիները պետք է ապավինեն սեփական ուժերին, գրում է DW-ն։ Գերմանիան պետք է ավելի հետևողականորեն կիրառի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները, նոր սահմանափակող միջոցներ սահմանի, օրինակ՝ պարարտանյութերի վերաբերյալ, մեծացնի ռազմական աջակցությունը և մասնակցի Արևմտյան անվտանգության երաշխիքներին, թվարկում է քաղաքական գործիչը։
Հարցին՝ կարո՞ղ է պատկերացնել գերմանացի զինվորների ներկայությունը Ուկրաինայում, Նուրիպուրը պատասխանել է, որ ինքն, անշուշտ, չի կարող պատկերացնել, որ Գերմանիան կխուսափի Ուկրաինայի պաշտպանությունից և Եվրոպայի անվտանգությունից։ «Սխալ կլինի նախապես բացառել Գերմանիայի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին»,- հայտարարել է Բունդեսթագի փոխնախագահը։





























