Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բոլոր նախագծերը պատրաստ կլինեն առաջիկա օրերին, X սոցցանցում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատմելով Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆի հետ իր զրույցի մասին։
«Իհարկե, խոսել ենք գործընկերների հետ մեր դիվանագիտական աշխատանքի և Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների մասին։ Հիմա իրական հնարավորություն կա վերջ տալու այս պատերազմին, և Ուկրաինան պատրաստ է կառուցողական քայլերի, որոնք կարող են մոտեցնել իրական խաղաղությունը»,- նշել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի, Ռուսաստանն իր կողմից խաղաղության որևէ ձգտում չի ցուցաբերում և «շարունակում է գնդակոծել մեր քաղաքները»։
«Միանման ենք մեկնաբանում այս օրերին Մոսկվայից ստացվող բոլոր ազդանշանները։ Անհրաժեշտ է ճնշում՝ նրանց դիրքորոշումը փոխելու համար, ինչպես նաև բարձր մակարդակի հանդիպում՝ բոլոր հարցերը քննարկելու համար։ Քննարկել ենք անվտանգության երաշխիքները։ Ներկայումս Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և եվրոպացի գործընկերների թիմերն աշխատում են դրանց ճարտարապետության վրա։ Բոլոր նախագծերը պատրաստ կլինեն առաջիկա օրերին։ Խոսել ենք նաև այն մասին, թե ինչպես Նիդեռլանդները կարող է ընդլայնել իր մասնակցությունն այս գործընթացում և օգնել ապահովել անվտանգության երաշխիքները։ Զրուցել ենք նաև Ուկրաինայի պաշտպանական արտադրության մեջ մեր համատեղ նախագծերի և ներդրումների մասին։ Առաջիկայում կարևոր համաձայնագրեր և հանդիպում ենք նախապատրաստում»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։