Իսրայելի զինվորականները ոչնչացրել են մոտ 3000 ձիթենի բռնազավթված Արևմտյան ափի Ռամալլահի մոտ գտնվող գյուղում, և պաղեստինցիները բախվում են բռնության շարունակվող ալիքին ողջ տարածքում՝ Իսրայելի և Գազայի միջև պատերազմի պայմաններում, հաղորդում է Al Jazeera-ն։
Իսրայելի զինվորականները հրամայել են արմատախիլ անել ձիթենիները Ռամալլահից հյուսիսարևելք գտնվող Ալ-Մուղայիր գյուղի 0,27 քառ. կմ տարածքում, որի բնակչությունը կազմում է մոտ 4000 մարդ։
Բանակը (ՑԱՀԱԼ) արդարացրել է այս միջոցը նրանով, որ ծառերը «անվտանգության սպառնալիք» են ներկայացրել վերաբնակեցումների տանող իսրայելական գլխավոր ճանապարհի համար, որն անցնում է գյուղի հողերով։
Հինգշաբթի օրվանից Ալ-Մուղայիրը կարանտինի մեջ է այն բանից հետո, երբ իսրայելցի վերաբնակիչը հայտարարել է, որ այդ տարածքում իր վրա կրակել են։
Գյուղական խորհրդի ղեկավարի տեղակալ Մարզուկ Աբու Նաիմը պաղեստինյան Wafa լրատվական գործակալությանը հայտնել է, որ իսրայելցի զինվորները շաբաթ օրվա լուսաբացից գրոհել են ավելի քան 30 տուն՝ ոչնչացնելով բնակիչների գույքն ու տրանսպորտային միջոցները։
Տասնամյակներ շարունակ իսրայելցի զինվորականները արմատախիլ են արել ձիթենիները, որոնք պաղեստինյան կարևոր մշակութային խորհրդանիշ են, ողջ բռնազավթված պաղեստինյան տարածքում՝ որպես պաղեստինյան հողերը զավթելու և բնակիչներին բռնի տեղահանելու երկրի ջանքերի մի մաս, գրում է լրատվամիջոցը։
Արևմտյան ափում նաև աճել են իսրայելցի զինվորականների և վերաբնակիչների կիրառած բռնությունները 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի՝ Գազայի դեմ պատերազմ սկսելուց ի վեր, և տասնյակ հազարավոր պաղեստինցիներ ստիպված են եղել լքել իրենց տները։