Ուկրաինան, որն ավելի քան երեք տարի «հետ է մղում Ռուսաստանի ռազմական ներխուժումը, կարող է շարունակել ապավինել Գերմանիային»։ Նման հայտարարություն է արել Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը՝ օգոստոսի 25-ին Կիև չհայտարարված այցով ժամանելուն պես, հաղորդում է DW-ն։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չպետք է պատրանքներ ունենա, թե մեր աջակցությունը Ուկրաինայի հանդեպ կարող է թուլանալ»։ Բեռլինը մնում է «Ուկրաինայի երկրորդ ամենամեծ աջակիցն աշխարհում և ամենամեծը Եվրոպայում», հավելել է Գերմանիայի փոխկանցլերը։

Նա նշել է, որ խաղաղության շուրջ բանակցությունները «չեն կարող ընթանալ ուկրաինացի ժողովրդի հաշվին»։

«Հետևաբար, անհրաժեշտ է հրադադար։ Ուկրաինայում կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ են նաև անվտանգության հուսալի երաշխիքներ։ Այս հարցում մենք միջազգային մակարդակով սերտորեն համակարգում ենք մեր գործողությունները։ Գերմանիան կկատարի իր պարտավորությունները»,- հավաստիացրել է Քլինգբեյլը։

«Մենք արդեն քննարկում ենք վերականգնման հեռանկարները և Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության հեռանկարները», - ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։ Այս նպատակին հասնելու համար Կիևը խստորեն պետք է հետևի բարեփոխումների ընտրված ուղուն, բացատրել է Քլինգբեյլը։