ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումների տեղակայումից հետո երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնում ավելի քան հազար մարդ է ձերբակալվել, և առգրավվել է ավելի քան 100 միավոր հրազեն: Դրա մասին հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին:

«Կրկին դարձնենք Վաշինգտոնը մեծ: 1007 ձերբակալություն, առգրավվել է 111 հրազեն»,- ասված է X սոցիալական ցանցում Բոնդիի հրապարակած ինֆոգրաֆիկայում:

Ըստ նրա՝ միայն նախօրդ գիշեր ձերբակալվել է 86 մարդ, որոնց թվում՝ ոստիկանների և Ազգային գվարդիայի զորքերի վրա հարձակումների մեջ կասկածվողներ: Ձերբակալվել է նաև ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Տրեն դե Արագուա» միջազգային խմբավորման ենթադրյալ անդամը:

Ինչպես նշում է The Washington Post-ը, ԱՄՆ մայրաքաղաքում անօրինական ներգաղթի և հանցավորության դեմ պայքարի գործողություններին մասնակցում է Ազգային գվարդիայի մոտ 2,2 հազար զինվորական:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 11-ին հայտարարեց Վաշինգտոնում Գվարդիայի զորքերի տեղակայման մասին՝ քաղաքի ոստիկանական ուժերը դնելով դաշնային վերահսկողության տակ և բարձրացնելով անվտանգությունն ամրապնդելու համար զինվորականների օգտագործման հնարավորությունը: Օգոստոսի 22-ին նա հայտարարեց նաև այլ մետրոպոլիտենային տարածքներում, դրանց թվում՝ Չիկագոյում և Նյու Յորքում, հանցավորության դեմ պայքարելու համար դաշնային ռեսուրսներն օգտագործելու իր պատրաստակամության մասին։