Ուիթքոֆի այցի ընթացքում Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկել են էներգետիկ համաձայնագրերը, հաղորդում է Reuters-ը։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ այդ գործարքները պետք է դրդեին Կրեմլին՝ խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ։
Մասնավորապես, քննարկումը կենտրոնացած է եղել Exxon Mobil-ի՝ «Սախալին-1» նախագծին վերադառնալու հնարավորության և Ռուսաստանի կողմից հեղուկացված բնական գազի արտադրության նախագծերի համար ամերիկյան սարքավորումներ գնելու հեռանկարների վրա, հաղորդում է BBC-ն։
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ գործարքները քննարկվել են ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ։ Դրանք քննարկվել են նաև Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ։
Reuters-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ հարցը բարձրացվել է նաև Ալյասկայի օգոստոսի 15-ին կայացած գագաթնաժողովի ժամանակ։
Ամերիկյան գործակալությունը, մեջբերելով իր աղբյուրին, գրում է՝ «Սպիտակ տունը ցանկանում էր, որ Ալյասկայի գագաթնաժողովից հետո մեծ գլխագրեր հայտնվեին խոշոր ներդրումային գործարքի մասին: Այս կերպ Թրամփը կզգա, որ ինչ-որ բանի է հասել»:




























