Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հերքել է իր՝ «Մուսուլման եղբայրներ» շարժմանը պատկանելու մասին պնդումները և ասել, որ ինքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «ամենամեծ զոհն» է։
Քուվեյթի «Al-Nahar» թերթին տված հարցազրույցում ալ-Շարաան նշել է, որ «տարածաշրջանում բոլոր ազգայնական և իսլամիստական գաղափարախոսությունները ձախողվել են»։
Սիրիայի նախագահը շեշտել է, որ Սիրիայի ներսում անջատողական ցանկացած կոչ «մնալու է միայն երազանքներ», հաշվի առնելով, որ «քրդերի և Աս-Սուվեյդայի ժողովրդի հետ լուծումները հնարավոր են միայն երկրների միասնության շրջանակներում»։
Նա հաստատել է, որ «բոլոր լուծումները կարող են քննարկվել քրդերի և Աս-Սուվեյդայի հետ, բացի անջատումից», հավելելով, որ «պետության քաղաքականությունը հիմնված է հանդուրժողականության, այլ ոչ թե վրեժխնդրության վրա»։
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա ալ-Շաարան հայտարարել է, որ հարաբերությունները բացառապես հիմնված են Գոլանի բարձունքներին վերադառնալու և 1974 թվականի համաձայնագրի կատարման վրա՝ ընդգծելով, որ «մինչ այդ խաղաղության համաձայնագրի մասին խոսք լինել չի կարող»։
Սիրիայի նախագահը նաև վերահաստատել է, որ դեմ է Լիբանանի ներքին գործերին միջամտելուն և Սիրիան ու Լիբանանը բաժանող «հրե գետի» գաղափարին: Նա գովաբանել է Իրաքի դիրքորոշումը «քաղաքական և տնտեսական առումներով»: Վերջապես, ալ-Շարաան հաստատել է, որ Սիրիան «շարժվում է դեպի վերածնունդ»՝ հավելելով. «Մեր երկիրը ուժեղ է ինքն իրենով և իր դաշինքներով»:




























