Ըստ ԵՄ տվյալների՝ այս տարի Եվրամիությունում անտառային հրդեհներից ավելի քան մեկ միլիոն հեկտար հողատարածք է այրվել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2006 թվականին պաշտոնական դիտարկումների սկզբից ի վեր, հաղորդում է Reuters-ը։

Երեքշաբթի օրվա դրությամբ ԵՄ-ում ընդհանուր առմամբ 1 028 000 հեկտար տարածք է այրվել հրդեհներից, ինչն ավելի մեծ մակերես է զբաղեցնում, քան Կիպրոսը և ավելին է քան ցանկացած այլ տարվա դիտարկումների ողջ պատմության ընթացքում, այս մասին վկայում են Անտառային հրդեհների վերաբերյալ ԵՄ եվրոպական տեղեկատվական համակարգի (European Forest Fire Information System) տվյալները, որոնք վերլուծել է Reuters-ը։

Նախորդ ռեկորդը սահմանվել է 2017 թվականին, երբ անտառային հրդեհների տարածքը կազմել է մոտ 998 000 հեկտար։ Ամենից շատը տուժել են Իսպանիան և Պորտուգալիան, որոնց բաժին է ընկնում ԵՄ այրված տարածքի մոտ երկու երրորդը։

EFFIS-ի տվյալները ցույց են տվել անտառային հրդեհների թվի կտրուկ աճ՝ օգոստոսի 5-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, որը համընկել է Իբերիայում տիրող 16-օրյա շոգի հետ: Անցյալ շաբաթ ուժեղ շոգը ավարտվել է և հրդեհներ առաջացրել, որոնց հետևանքով երկու երկրներում առնվազն ութ մարդ է մահացել, ինչպես նաև հանգեցրել է երկաթուղային հաղորդակցության և ավտոճանապարհների փակմանը։ Սակայն, երեքշաբթի օրը իսպանական Կաստիլիա և Լեոն շրջանում դեռևս 10 անտառային հրդեհ է եղել, որոնց պատճառով մոտ 700 մարդ է տարհանվել, մինչդեռ Գալիսիայի և Աստուրիայի հյուսիսային շրջաններում հրդեհները շարունակվում էին։

Պորտուգալիայում ցրտահարությունը որոշակի թեթևություն է բերել և երկուշաբթի օրը՝ 12 օր անց Պյոդաոյի հրդեհը մարվել է։ Պյոդաոյի անտառային հրդեհի տարածքը, որտեղ այրվել է ավելի քան 60 000 հեկտար, դարձել է դիտարկումների ողջ պատմության մեջ ամենախոշորը։ Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է նրան, որ անտառային հրդեհները, ուժեղ շոգն ու երաշտի ժամանակաշրջաններն ավելի հաճախակի և դաժան են դառնում, թեև կանխարգելիչ միջոցառումները, ինչպիսիք են հողերը չոր բուսականությունից մաքրելը, կարևոր դեր են խաղում հրդեհների մասշտաբների սահմանափակման գործում։

Ըստ EFFIS-ի տվյալների՝ այս տարի ԵՄ-ում անտառային հրդեհների հետևանքով մթնոլորտ է արտանետվել 38 միլիոն տոննա ածխաթթու գազ։ Այս թիվը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը և մինչև 2025 թվականը կարող է գերազանցվել տարեկան 41 միլիոն տոննա ռեկորդը։