Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կարծում է, որ ԵՄ-ն վերջերս երկրի եվրաինտեգրման գործընթացին առնչվող առավելություններն օգտագործում է որպես զենք վրաց ժողովրդի դեմ։

Կալաձեն դրա մասին հայտարարել է ԵՄ-ի հետ առանց վիզա ռեժիմի հնարավոր վերացման վերաբերյալ հարցին պատասխանելիս, հաղորդում է Վրաստանի «Առաջին ալիք»-ը։

«Դա անարդար վերաբերմունք է Վրաստանի նկատմամբ, և դա առաջին դեպքը չէ։ Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին և ամիսներին ԵՄ-ն եվրաինտեգրման գործընթացին առնչվող առավելություններն օգտագործում է որպես զենք վրացական պետության և վրաց ժողովրդի դեմ։ Դա շատ ծանր է։ Դա ոչ մի կապ չունի Եվրոպայի, եվրոպական ապագայի կամ եվրաինտեգրման գործընթացի հետ, այն դեպքում, երբ նրանց հայտարարություններն ու բանաձևերը ներծծված են կեղծիքներով։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, գործընթաց, որը լիովին կեղծ է և զրպարտչական։ Իհարկե, պատասխանատվությունը կրում են որոշ եվրոպացի բյուրոկրատներ, որոնց «ուղերձները» բացարձակապես հիմնված են ստերի վրա։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ. նրանց մնացած միակ վերջին զենքը վիզայի ազատականացման հարցն է, և հենց, դրանով են նրանք շանտաժի ենթարկում։ Եվ ի՞նչ կապ ունեն Վրաստանում ընդունված օրենքները վիզայի ազատականացման գործընթացի հետ։ Եվ այստեղ մենք երկակի ստանդարտներ ենք տեսնում։ Նրանք իրենք են ընդունում նման օրենքներ, դրանք գործում են իրենց երկրներում, բայց Վրաստանում, պարզվում է, դրանք չեն կարող ընդունվել։ Պարզվում է, որ վրացական պետությունը կամ վրաց ժողովուրդը չպետք է իմանան, թե որտեղից են գալիս փողը, «սև» դրամական միջոցները, որոնք ֆինանսավորում են քաղաքական կուսակցություններին, հեռուստաալիքներին և պետական ​​հեղաշրջումներին։ Պարզվում է՝ մենք չպետք է դա իմանանք, և դա իբր հանցագործություն է։ Պատկերացնո՞ւմ եք։ Դա՞ է նորմալ վերաբերմունքը։ Ինչպե՞ս կարող է թափանցիկությունը վատ բան լինել կամ հակասել եվրոպական ապագային», - հայտարարել է Կախա Կալաձեն։

Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետի գնահատմամբ՝ վիզայի ազատականացման չեղարկման սպառնալիքից առաջ երկիրը շանտաժի էր ենթարկվում ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու թեմայով, ինչը նրանց չհաջողվեց։

«Մենք հիմար չենք, որ ասենք, թե վիզայի ազատ ռեժիմը վատ է։ Ընդհակառակը, այն լավ է և օգտակար, բայց երբ խոսքը երկու կարևոր հարցի մասին է, երբ մեզ շանտաժի են ենթարկում այդ թեմայով, և խոսքը երկրի շահերը զոհաբերելու մասին է, անհնար է նման որոշում ընդունել։ Դա շանտաժի առաջին դեպքը չէ։ Դա վերջին փուլն է, որին մենք հասել ենք։ Դրանից առաջ կար թեկնածուի կարգավիճակ, որով մեզ շանտաժի էին ենթարկում։ Հիշո՞ւմ եք, որ մեզ այն չտվեցին։ Կար երկու պատճառ՝ երկիրը չմիացավ պատերազմին, չբացեց երկրորդ ճակատ և չմիացավ պատժամիջոցներին։ Ինչո՞ւ մենք պիտի նման քայլի դիմեինք։ Եթե դու իմ բարի կամեցողն ես, ուզում ես, որ իմ երկիրը զարգանա, հոգ ես տանում վրաց ժողովրդի և վրացական պետության մասին, ինչո՞ւ ես ինձ կոչ անում անել այնպիսի բաներ, որոնք ակնհայտորեն կվնասեն իմ երկրին և իմ ժողովրդին։ Պատկերացրեք, եթե մենք սխալ թույլ տված լինեինք և միանայինք պատժամիջոցներին՝ ինչպիսի՞ն կլիներ մեր տնտեսական վիճակը»,- նշել է Կախա Կալաձեն։

Ինչ վերաբերում է երկիրը պատերազմին ներգրավելու հարցին, Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ կան համապատասխան ապացույցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն։

«Վարչապետի աշխատակազմում ուղիղ սպառնալիքներ, շանտաժ և վիրավորանքներ կային երկրում երկրորդ ճակատ բացելու համար։ Խոստումներ կային, որ նրանք մեզ կօգնեն ամեն ինչում, կտրամադրեն համապատասխան սարքավորումներ և այլն։ Իհարկե, դրա ապացույցներ կան, և անհրաժեշտության դեպքում մենք անպայման կհրապարակենք դրանք։ Բայց, երկրի շահերից ելնելով, ավելի լավ է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ Դու ինձ շանտաժի ես ենթարկում, կարծես ես չեմ ուզում Եվրոպան և ԵՄ-ն, իսկ ես քեզ ասում եմ, որ ես կատարել եմ Ասոցացման համաձայնագրով նախատեսված բոլոր նախապայմանները։ Ես առաջ եմ այն ​​երկրներից, որոնց դուք ինձանից վեր եք դասում։ Դուք քաղաքական որոշում ես ընդունում և անարդարացիորեն պատժում ինձ։ Դրա համար էլ ես ասում եմ. մենք ամեն ինչ արել ենք։ Բացեք բանակցությունները՝ այսօր մենք որոշում կընդունենք, և բանակցությունները կսկսվեն։ Դուք ուզո՞ւմ եք բանակցություններ սկսել։ Մենք պատրաստ ենք։ Դուք ուզո՞ւմ եք մեզ ընդունել ԵՄ։ Մենք պատրաստ ենք։ Մենք հասկանում ենք նաև, որ երկրի տնտեսությունը պետք է ամրապնդվի, առաջ շարժվի՝ ԵՄ լիիրավ անդամ դառնալու համար։ Դա այդքան էլ հեշտ չէ, և մենք դա հիանալի հասկանում ենք։ Բայց ինչո՞ւ եք մեզ անընդհատ շանտաժի ենթարկում՝ կամ... թեկնածուի կարգավիճակով, թե՞ բանակցությունների մեկնարկով, իսկ հիմա՝ վիզայի ազատականացման թեմայով: Թեկնածուի կարգավիճակը ապարդյուն անցավ, հեղափոխությունը կազմակերպել չհաջողվեց, բանակցությունների մեկնարկը կամ չսկսվելը նույնպես ապարդյուն անցավ, և հիմա դուք փորձում եք օգտագործել վիզայի ազատականացման թեման: Բայց այստեղ էլ դուք տանուլ կտաք: Արմատականությունը, չարիքը և գործակալները միշտ դատապարտված են ձախողման»,- հայտարարել է Կախա Կալաձեն: