Աշխարհը փոխվում է և օվկիանոսներն ավելի թթու են դառնում, իսկ դրանց հետ մեկտեղ շնաձկների ատամները սկսում են կորցնել իրենց ուժը։ «Frontiers in Marine Science» ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը մանրամասնում է, թե ինչպես է օվկիանոսի թթվայնության բարձրացումը վնասում խութային շնաձկների ատամները՝ վտանգելով նրանց որսի կարողությունները։

Հայդելբերգի համալսարանի գիտնականները փորձ են անցկացրել. շնաձկների բնական ճանապարհով ընկած մոտ 600 ատամներ ենթարկվել են երկու տարբեր pH մակարդակ ունեցող ջրի ազդեցությանը։

Սովորական pH-ի՝ մոտ 8,1 (ժամանակակից օվկիանոսի մակարդակը) դեպքում ատամները մնացել են նորմալ։ Իսկ ահա pH 7,3-ի դեպքում, որը կանխատեսվում է մինչև 2300 թվականը CO₂-ի բարձր արտանետումների դեպքում, դրանք ցույց են տվել 50% ավելի շատ վնասվածքներ՝ միկրոճաքեր, արմատների և մակերեսի մեծ վնասվածքներ, ատամնավոր եզրերի սրության կորուստ։

Չնայած փորձը կատարվել է պոկված ատամների վրա, գիտնականները նախազգուշացնում են, որ կենդանի շնաձկները կարող են վերականգնել ատամները, բայց դա լրացուցիչ ուժ և էներգիա կպահանջի, ինչը լրացուցիչ սթրես կստեղծի արդեն իսկ խոցելի տեսակների համար։

Օվկիանոսի թթվայնացումը լուրջ խնդիր է, քանի որ pH-ի անգամ փոքր նվազումը զգալիորեն մեծացնում է թթվայնությունը, ինչը արդեն իսկ կործանարար ազդեցություն ունի կորալների, փափկամորթների խեցիների և խութային էկոհամակարգերի վրա։