Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս, որ դուք գնաք ու հետ նայեք, տեսնեք՝ ինչ էր կատարվում մեր դպրոցներում մինչև 2018 թվականը, եթե հիշողությունը թարմացնելու կարիք ունեք: Առնվազն անհարմար եմ համարում գալ ու խոսել կուսակցական քարոզից այն դեպքում, երբ դպրոցի տնօրեններին իրենց ցանկությամբ կամ առանց դրա, ստիպում էին ցուցակներ հավաքել, դառնալ ընտրակեղծիքների ակտիվ մասնակից և ամբողջ կրթական համակարգը խեղել էին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 9–րդ դասարանի «Հայաստանի պատմության» դասագրքում 2018–ի հեղափոխությունը ներկայացված է որպես ՔՊ–ի քարոզչություն։

«Գործող իշխանությունը անում է դրա ուղիղ հակառակը և չկա դասագրքում որևէ կուսակցական ու քաղաքական ուղղվածություն։ Չկա նման բան, հիմա այն ինչ ինչ դուք խոսում եք, չի համապատասխանում իրականությանը։ Ես այլ բան չունեմ ուղղակի ձեզ ասելիք և ընդամենը հորդորում եմ ապատեղեկատվություն չտարածել»։