Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Քիշնևում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է դադարեցվի, բայց «ոչ ցանկացած գնով», գրում է The Guardian-ը։

«Մենք չենք ուզում, որ Ուկրաինան կապիտուլյացիայի ենթարկվի։ Նման կապիտուլյացիան Ռուսաստանին սոսկ ժամանակ շահելու հնարավորություն կընձեռի, և Պուտինն այդ ժամանակը կօգտագործի հաջորդ պատերազմին պատրաստվելու համար»,- ասել է նա։

Նա նշել է նաև Մոլդովայի արձանագրած առաջընթացը՝ ընդգծելով, որ «դա չպետք է ըստ պատճաշի ընդունվի, քանի որ ամեն ինչ կարող էր բոլորովին այլ կերպ զարգանալ», վկայակոչելով Ուկրաինայում տեղի ունեցած պատերազմը։

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Մերցը շեշտել է, որ «Եվրամիության դուռը բաց է» Մոլդովայի Հանրապետության համար և խոստացել է «շարունակել լավագույնս աջակցել այդ ճանապարհին», ներառյալ՝ գերմանացի փորձագետներ ուղարկելով բարեփոխումներ անցկացնելուն օգնելու համար։

Ըստ նրա՝ Եվրոպան մնում է «Մոլդովայի հետ՝ նրա ազատությունն ու ինքնիշխանությունը պահպանելու հարցում»: Նա միաժամանակ ընդգծել է «Մոլդովայի մտահոգությունը Ռուսաստանի ագրեսիվ դիրքորոշման առնչությամբ» և մատնանշել «մոլդովական ժողովրդավարությանը միջամտելու Ռուսաստանի փորձերը»։

Ավելի վաղ հայտնի դարձավ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդների Անկախության օրվա կապակցությամբ Մոլդովա կատարած այցի մասին։