Այն փաստաթուղթը, այն պայմանավորվածությունը, որ արձանագրում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը Սերժ Սարգսյանն անվանում է կապիտուլյացիա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս արված այն հայտարարությանը, որ Վաշինգտոնյան փաստաթուղթը ասք է կապիտուլյացիայի մասին:
«Սրանով նա բացահայտում է, որ իր և ոչ միայն իր, ամբողջ գործունեությունն ուղղված է եղել և շարունակում է ուղղված լինել Հայաստանի ինքնիաշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սահմանների անխախտելիության դեմ: Այսինքն, դա շատ ցցուն և խոսուն ինքնախոստովանություն է»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով ընդդիմադիրների այն հայտարարություններին, թե ստորագրվածն ընդամենը հռչակագիր է և այդպիսով նսեմացվում է նշանակությունը, Փաշինյանն ասաց. «Ասում են՝ ի՞նչ է, որ դա հռչակագիր է, իբր դրանով նսեմացնում են այդ փաստաթղթի նշանակությունը: Ղարաբաղի հակամարտության բանակցված փաստաթուղթը հռչակագիր է եղել՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների հռչակագիր:
Այսինքն, եթե հռչակագիրն այդպիսի վատ կարգավիճակ ունեցող փաստաթուղթ է, ուրեմն ինձնից նախորդները՝ 1994-ից մինչև 2018 թվականը, մեր բոլորի ռեսուրսները, ժամանակը, կյանքը մեր նահատակների կյանքը զոհաբերել են ինչ-որ ոչինչ չարժեցող մի թուղթ բանակցելու վրա: Թող ասեն՝ մենք որ հռչակագիր էինք բանակցում, մենք հասկանում էինք, որ դա ոչինչ չի նշանակում, թող խոստովանեն, որ խաբել են ժողովրդին»:





























