Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում հայտնել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ադրբեջանի դեսպանատանը և «Bayraktar»գործարանին Ռուսաստանի հասցրած հարվածը։
«Մենք մտքեր փոխանակեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ և քննարկեցինք հետագա դիվանագիտական քայլերը։ Ուկրաինան պատրաստ է մասնակցել առաջնորդների ձևաչափին, քանի որ դա միակ արդյունավետ ձևաչափն է։ Ցավոք, Ռուսաստանը խուսափում է դրանից և շարունակում է պատերազմը։ Երեկ երեկոյան ռուսները կրկին հարվածեցին Ուկրաինային՝ արձակելով ավելի քան 30 հրթիռ և մոտ 600 անօդաչու թռչող սարք։ Այդ հարձակման արդյունքում զոհվել է 17 մարդ, նրանց թվում՝ չորս երեխա։ Տասնյակ մարդիկ էլ ծանր վիճակում են, և բժիշկներն այժմ պայքարում են նրանց կյանքի համար։
Հարվածներ են հասցվել թուրքական ձեռնարկությանը, Ադրբեջանի դեսպանատանը, ԵՄ առաքելությանը, Բրիտանական խորհրդին և բնակելի թաղամասերին։ Դա Պուտինի պատասխանն է Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և մեր եվրոպացի գործընկերների բոլոր ջանքերին՝ սպանությունները դադարեցնելու համար։ Ահա թե ինչու է անհրաժեշտ ճնշում՝ պատժամիջոցների, մաքսատուրքերի և քաղաքական միջոցառումների միջոցով։ Մենք սպասում ենք վճռական քայլերի։ Մենք միաժամանակ մանրամասն քննարկել ենք անվտանգության երաշխիքները»,- պատմել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ազգային անվտանգության խորհրդականները ներկայում աշխատում են յուրաքանչյուր կոնկրետ բաղադրիչի վրա, և հաջորդ շաբաթ բոլոր շրջանակները կշարադրվեն թղթին։
«Նախագահ Էրդողանն ինձ հայտնեց, որ իր պաշտպանության նախարարին ներգրավում է այն գործընթացում, որն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է Թուրքիան նպաստել անվտանգությանը, մասնավորապես՝ Սև ծովում։ Շնորհակալությո՛ւն»,- եզրափակել է Զելենսկին։




























