«Մեր ձեւով» շարժման կողմից ստեղծվող 5 աշխատանքային խմբերից երկրորդը  մենք կոչում ենք մեծ հայկական ընտանիք։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29–ին, Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժման մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ նշեց շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

«Ընդհանրապես հայերի համար երջանկության գագաթնակետը մեծ ընտանիքն է, որին հասնելու համար երիտասարդ զույգերը մեծ ճանապարհ պետք է անցնեն և այդ ճանապարհին նրանք բախվում են բազմաթիվ խնդիրների։ Առաջինը բնակարանային ֆոնդ, երկրորդը կայուն աշխատատեղեր և երրորդը՝ կրթական համակարգի հետ կապված խնդիրներ։ «Մեծ հայկական ընտանիք» մեր խումբը պետք է մտածի և առաջարկի երիտասարդ ընտանիքների քաղաքականություն ու ժողովրդագրության քաղաքականությունը։ Մենք քիչ ենք խոսում այդ մասին, բայց մեր երկրում ծնելիության պատկերը բավական վատ է։ Անկում ունենք, չնայած պատերազմից հետո կար աճ, բայց այս պահին անկում ունենք։

Տարածաշրջանում բարձր ծնելիություն ունեցող երկրներ կան, և եթե այսպես շարունակվի, 2100 թվականին ըստ ՄԱԿ-ի տվյալների Հայաստանի բնակչությունը լինելու է 1,7միլիոն մարդ։ Եթե մենք անգամ ունենանք զարգացած տնտեսություն, անգամ բոլոր ուղղություններով հաջողենք, բայց չունենանք ճիշտ ժողովրդագրական ստրատեգիա, 1.7 միլիոն բնակչությամբ Հայաստանը հաջորդ 100-ամյակում հնարավոր է խնդիրներ ունենա իր սուվերենությունը պահելու հետ, որովհետև մեր տարածաշրջանի երկրները 80 միլիոն, 90 միլիոն, 10 միլիոն, նրանք բավական մեծ են լինելու։

Ժողովրդագրության ու ծնելիության խնդրի հետ կապված պետք է հեղափոխական փոփոխություններ, մայրերի դերի բարձրացում։ Մայր լինելը լուրջ աշխատանք է, և այդ դերը պետք է գնահատվի Հայաստանում, ինչպես նաև ընտանիքների ամրության և ընտանիքներին խոչընդոտող բազմաթիվ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքն է»,– ընդգծեց նա։