38-ամյա տնտեսագետ Հովհաննես Գաբրիելյանը, որը հավակնում էր Գինեսի նոր ռեկորդի և որոշել էր Սևանա լճի 74 կմ երկարությամբ տարածքը լողալով անցել, կլիմայական պայմանների փոփոխության պատճառով չի հաջողվել հաղթահարել նախատեսված երկարությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հովհաննես Գաբրիելյանը։
«24 ժամ անդադար ջրում եմ եղել։ Անցել ենք Սևանա լճի կեսից ավելին, շատ քիչ տարածություն էր մնում վերջնակետին հասնելու համար։ Գլխավոր խնդիրը, որի պատճառով լողը դադարեցրել ենք, եղել է կլիմայական պայմանները։ Սևանում ջրի ջերմաստիճանը գիշերը նվազել էր, և ալիքների տատանումները շատացել էին։ Աջակցող խմբի համար էլ էր դժվար նավակում երկար մնալ»,-պատմեց նա։
Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ նախօրոք բուժզննում էր անցել և որևէ առողջական խնդիր չունի։
«Լողալու ընթացքում էլ առողջական ոչ մի խնդրի չեմ բախվել, օրգանիզմս լիովին պատրաստ էր հաղթահարել դժվարությունները»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ 38-ամյա տնտեսագետ Հովհաննես Գաբրիելյանը Գինեսի հերթական ռեկորդին էր հավակնում։ Առանց հատուկ միջոցների նա փորձել է հաղթահարել Սևանա լճի 74 կմ երկարությամբ տարածքը։ Նա ջրում պետք է լիներ շուրջ 30 ժամ։





























