Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և նրա քույրը՝ կուսակցության քաղաքական քարտուղար Արիաննան, շոկ և վրդովմունք են հայտնել այն բանից հետո, երբ նրանց լուսանկարները հայտնվել են Phica.eu կայքում՝ վիրավորական և սեքսիստական մեկնաբանություններով, գրում է Corriere della Sera-ն։
Մելոնին տեղի ունեցածը անվանել է կանանց արժանապատվության նվաստացում և ընդգծել, որ զիջումներ չեն կարող լինել։ Նա կոչ է արել կանանց ակտիվորեն արձագանքել և բողոքներ ներկայացնել՝ դա անվանելով իրավունք և պարտականություն։
Արիաննա Մելոնին նշել է, որ նմանատիպ երևույթները ցույց են տալիս «քլիք-հասարակության» դեգրադացիան, որտեղ անձնական սահմանները անտեսվում են, իսկ հրապարակային նվաստացումը դառնում է նորմալ՝ չնայած քաղաքականության և հասարակության մեջ կանանց բոլոր ձեռքբերումներին։
Քննադատության տարափից հետո Phica.eu հարթակը փակվել է ադմինիստրատորների կողմից, ովքեր խոստովանել են, որ չեն կարողացել վերահսկել օգտատերերի պահվածքը։
Կիբերոստիկանությունը պարզել է կայքի ադմինիստրատորի ինքնությունը, որը իտալացի է և գործի նյութերը փոխանցել է Հռոմի դատախազություն։ Ամբողջ երկրում կանայք բողոքներ են ներկայացնում և գործը կարող է հանգեցնել զրպարտության, հանցագործության դրդելու և պետական մարմիններին վիրավորելու մեղադրանքների։
Կառավարությունը նաև հայտարարել է նմանատիպ ռեսուրսների մոնիթորինգի, պրովայդերների և իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցառումներ մշակելու մտադրության մասին։
Ընտանիքի հարցերով նախարար Էուջենիա Ռոչելլան ընդգծել է, որ խոսքը ինտերնետում ազատության և չարաշահումների կանխարգելման անհրաժեշտության միջև հավասարակշռությունը պաշտպանելու մասին է։ Իտալիայում հասարակական արձագանքը գրեթե միաձայն է. կատարվածը դատապարտվում է որպես անձնական կյանքի անթույլատրելի ներխուժման և կանանց արժանապատվության նվաստացման օրինակ։





























