Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է պատգամավոր և Գերագույն Ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

«Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն և Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը զեկուցել են Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվողի ձերբակալման մասին։ Ես հանձնարարել եմ հանրությանը ներկայացնել առկա տեղեկատվությունը։ Շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմիններին արագ և համակարգված աշխատանքի համար։ Այս սարսափելի սպանության բոլոր հանգամանքները պետք է պարզվեն», - նշել է Զելենսկին։

Ավելի ուշ նա հայտնել է, որ զրույց է ունեցել գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի հետ։ «Նա (Կրավչենկոն - խմբ.) զեկուցել է Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվողի հետ կապված հետագա ընթացակարգային քայլերի մասին։ Կա կասկածյալի առաջին ցուցմունքը։ Այժմ իրականացվում են հետագա անհետաձգելի քննչական գործողությունները՝ այս սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար», - նշել է Զելենսկին։