Financial Times-ի հետ զրույցում Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ Ուկրաինայի տարածքում զինվորականներ տեղակայելու համար «հստակ ճանապարհային քարտեզ» կա։
«Անվտանգության երաշխիքները առաջնային և բացարձակապես անհրաժեշտ են։ Մենք համաձայնության ենք եկել Սպիտակ տան հետ... և այդ աշխատանքը շատ լավ է ընթանում», - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ հաղորդում է DW-ն։
Նրա խոսքով ՝ Դոնալդ Թրամփը եվրոպացիներին հավաստիացրել է, որ «աջակցության շրջանակներում ամերիկյան ներկայություն կլինի»: FT-ն գրում է, որ զորքերի կազմում կարող են ընդգրկվել եվրոպական երկրների հրամանատարության ներքո գտնվող տասնյակ հազարավոր զինծառայողներ, «որոնց կտրամադրվի Միացյալ Նահանգների օգնությունը, այդ թվում՝ հրամանատարական և վերահսկողական համակարգերը, ինչպես նաև հետախուզական և հսկողության հնարավորությունները»։
Ակնկալվում է, որ սեպտեմբերի 4-ին Փարիզում տեղի կունենա հանդիպում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, գրում է FT-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ FT-ի տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով Ֆրանսիայի մայրաքաղաք կժամանեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։




























