Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ելույթ է ունեցել Գդանսկի Վեստերպլատե հրապարակում, որտեղ առավոտյան 4:45-ին սկսվել են հիշատակի միջոցառումները։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, առավոտյան 4:45-ին, գերմանական «Շլեզվիգ-Հոլշտայն» ռազմանավը կրակ է բացել քաղաքի վրա և գրեթե միաժամանակ գերմանական զորքերը հատել են Լեհաստանի սահմանը։
«Որպեսզի կարողանանք կառուցել ճշմարտության և բարի փոխհարաբերությունների վրա հիմնված գործընկերություն, մենք պետք է կարգավորենք գերմանական պետությունից փոխհատուցումների հարցը, որոնք ես, որպես Լեհաստանի նախագահ, միանշանակ պահանջում եմ հանուն ընդհանուր բարօրության», - հայտարարել է Նավրոցկին, հաղորդում է «DW»-ն։
Նրա խոսքով՝ «փոխհատուցումները պատմական ամնեզիայի այլընտրանք չեն լինի, սակայն Լեհաստանը՝ որպես առաջնագծի պետություն և ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամենակարևոր պետություն՝ կարիք ունի արդարության, ճշմարտության և Գերմանիայի հետ թափանցիկ հարաբերությունների, նրան նաև անհրաժեշտ են գերմանական պետությունից փոխհատուցումներ»։
Վարշավան 2017 թվականից սկսած Բեռլինից ռազմական վնասների փոխհատուցում է պահանջել, իսկ 2022 թվականին ներկայացվել է երեք հատորանոց զեկույց՝ նացիստական Գերմանիայի հարձակման և օկուպացիայի հետևանքով Լեհաստանի կորուստների մասին։ Ընդհանուր գումարը կազմել է մոտ 1,3 տրիլիոն եվրո։ Բեռլինում այս պահանջներին պատասխանել են, որ Գերմանիան իր վրայից չի հանում կատարված հանցագործությունների համար պատմական պատասխանատվությունը, սակայն Լեհաստանին փոխհատուցումների հարցը համարում է փակված։




























