Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր երկրի վրա թիրախավորվել են 1200 հրթիռ տեղափոխող ամերիկյան ութ ռազմանավեր՝ դատապարտելով «բացարձակապես հանցավոր, արյունալի սպառնալիքը», հաղորդում է AFP-ն։
Միացյալ Նահանգները, որոնք Մադուրոյին մեղադրում են թմրակարտել ղեկավարելու մեջ, հայտարարել են Կարիբյան ծովի հարավում ռազմանավեր տեղակայելու մասին՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության շրջանակում։
Երկուշաբթի օրը Կարակասում միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մադուրոն դատապարտել է «մեր մայրցամաքում վերջին 100 տարիների ընթացքում դիտված ամենամեծ սպառնալիքը»՝ «ութ ռազմանավեր՝ 1200 հրթիռներով և մեկ սուզանավ, որոնք ուղղված են Վենեսուելայի դեմ»։
Վենեսուելայի նախագահը, որի վերջին երկու վերընտրությունները՝ 2024 և 2018 թվականներին, չեն ճանաչվել ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ էլ միջազգային հանրության մեծ մասի կողմից, ասել է, որ «առավելագույն ռազմական ճնշմանը ի պատասխան՝ մենք հայտարարել ենք Վենեսուելան պաշտպանելու մեր առավելագույն պատրաստակամության մասին»։
Վաշինգտոնը կրկնապատկել է Մադուրոյի ձերբակալության համար պարգևավճարը՝ հասցնելով 50 միլիոն դոլարի, սակայն հրապարակայնորեն չի սպառնացել ներխուժել Վենեսուելա։
Կարակասը հայտարարել է, որ պարեկային աշխատանքներ կիրականացնի իր ջրային տարածքներում և կմոբիլիզացնի ավելի քան չորս միլիոն աշխարհազորայինի՝ ի պատասխան ԱՄՆ-ի սպառնալիքների։ Մադուրոն ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգների հետ կապի ուղիները խզվել են և երդվել է, որ իր երկիրը «երբեք չի ենթարկվի որևէ տեսակի շանտաժի կամ սպառնալիքի»։
Մամուլի ասուլիսի ժամանակ Մադուրոն զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ նրա պետքարտուղար Մարկո Ռուբիոն ցանկանում է «ներքաշել նրան արյունահեղության մեջ․․․ կոտորելով Վենեսուելայի ժողովրդին»։




























