Չեխիայի նախկին վարչապետ, պոպուլիստական «ANO» կուսակցության առաջնորդ Անդրեյ Բաբիշը չեղարկել է հաջորդ օրվա համար նախատեսված միջոցառումները՝ հարձակման ենթարկվելուց հետո։ Այս մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով «IDNES»-ին։

Սեպտեմբերի 1-ի երեկոյան Բաբիշն իր սոցցանցերում հայտարարել է, որ չեղարկում է երեքշաբթի օրը Օլոմոուցում նախատեսված իրադարձությունների ծրագիրը։

Նախկին վարչապետը հայտարարել է, որ երեքշաբթի օրը կսպասի հետազոտությունների ավելի մանրամասն արդյունքներին։

«Ցավոք, ստիպված եմ չեղարկել Օլոմոուցում նախատեսված գոնե վաղվա ծրագիրը։ Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր ցանկանում էին հանդիպել»,- գրել է Բաբիշը։

Ինչպես հաղորդվում է, Չեխիայի արևելքում գտնվող Ֆրիդեկ-Միստեկ շրջանում նախընտրական հանրահավաքի ժամանակ Բաբիշի գլխին հարվածել են մետաղական առարկայով։ Քաղաքական գործիչը հետազոտության համար տեղափոխվել է հիվանդանոց։ Հարձակվողը ձերբակալվել է նույն օրը երեկոյան։

Դեպքը տեղի է ունեցել Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրություններից մեկ ամիս առաջ։ Նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի ANO կուսակցությունն այժմ առաջատարն է վարկանիշային աղյուսակում։