Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սեպտեմբերի 1-ին մասնավոր գնացքով մեկնել է Պեկին, հաղորդում է հարավկորեական Yonhap լրատվական կայքը։
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընը Չինաստանում կմասնակցի Ճապոնիայի կապիտուլյացիայի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված միջոցառմանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատվիրակությունները կկարողանան քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը, երբ Կորեայի առաջնորդը երեքշաբթի երեկոյան ժամանի Պեկին։
«Բանն այն է, որ Կիմ Չեն Ընը Պեկին է ժամանում միայն այսօր երեկոյան։ Եվ նրա ժամանումից հետո արդեն հնարավորություն կլինի պատվիրակության հետ անմիջականորեն քննարկել [առաջնորդների հանդիպման] հնարավորությունը՝ հաշվի առնելով ժամանակացույցը», - պատասխանել է նա, երբ հարցրել են, թե արդյոք հանդիպումը հաստատվել է։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը ընթացքի մեջ է։




























