Սիրիան հարցաքննել և ձերբակալել է Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունների սպաների, որոնք կասկածվում են հուլիսին հիմնականում դրուզներով բնակեցված Աս-Սուեյդա նահանգում քաղաքացիական անձանց դեմ հանցագործություններ կատարելու մեջ, ըստ Reuters-ի և Al Arabiya-ի՝ հաղորդում են բռնության հետաքննող հանձնաժողովից։

Աս-Սուեյդայում տեղի ունեցած արյունահեղության հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։

Սիրիան հուլիսի 31-ին հայտարարել է, որ բռնությունը հետաքննող հանձնաժողով է նշանակել։ Հանձնաժողովի խոսնակ Ամմար Իզզեդինը երեքշաբթի ուշ երեկոյան սիրիական և տարածաշրջանային լրատվամիջոցներին հայտնել է, որ ՆԳՆ և ՊՆ սպաները «հարցաքննվել և դատարան են ուղարկվել չարաշահումներին մասնակցելու կասկածանքով»։

Իզզեդինը հրաժարվել է ասել, թե քանի սպա է ձերբակալվել, սակայն նշել է, որ նրանք Սիրիայի քաղաքացիներ են, որոնք «անհատապես վայրագություններ են կատարել»։

Հանձնաժողովի խոսնակը տարածաշրջանային Al-Hadath հեռուստաընկերությանը հայտնել է, որ հանձնաժողովը կասկածյալներին ցույց է տվել «տեսանյութեր, որոնցում նրանք երևում են» չարաշահումներ կատարելիս՝ առանց նշելու, թե դրանք ինչ են եղել։

Իզեդինը նշել է, որ տեսանյութը «բավարար» է որպես ապացույց, քանի որ զինյալները նկարահանում էին իրենք իրենց, սակայն նրանցից ոմանք խոստովանել են նաև, որ չարաշահումներ են կատարել տեսանյութը ցույց տալուց հետո: