Մոսկվան կարծում է, որ Բաքվի կողմից Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ կլինի կողմերի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, Ռուսաստանը դիմել է Ադրբեջանում ձերբակալված իր հայրենակիցներին՝ հյուպատոսական աշխատակիցների այցելության թույլտվություն ստանալու և նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար, սակայն Բաքուն դեռ համաձայնություն չի տվել։

«Չորրորդ հանդիպման (Ձերբակալվածների հետ հյուպատոսական աշխատակիցների - խմբ․) համար հարցում է ուղարկվել, սակայն ադրբեջանական կողմը դեռ համաձայնություն չի տվել։ Մենք ելնում ենք նրանից, որ այդպիսի համաձայնություն կստացվի»,- իր ճեպազրույցում ասել է Զախարովան՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։

Բացի այդ, նրա խոսքով, հուլիսի 2-ին հարցում է ուղարկվել կալանավորվածների առողջական վիճակի և նրանց բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։ «Ցավոք, մենք դեռևս պատասխան չենք ստացել։ Մենք նույնպես ենթադրում ենք, որ այն կստանանք», - հավելել է Զախարովան։