Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական տալուց հետո օգտագործել է իր քաղաքական կապերը անձնական շահ ստանալու համար, հաղորդում է Guardian թերթը՝ հղում անելով ամերիկյան «Distributed Denial of Secrets» (DDoSecrets) ոչ առևտրային կազմակերպության տվյալներին։
Պարբերականի տվյալներով՝ կազմակերպությունը հասանելիություն է ստացել Ջոնսոնի 2022-2024 թվականների էլեկտրոնային և թղթային նամակներին, չեկերին, ելույթներիմ և կոնտակտային մի շարք տվյալներին։ Դրանց հիման վրա պարբերականը եզրակացնում է, որ նախկին վարչապետի գործողությունները կարող են հակասել էթիկայի նորմերին և լոբբիստական կանոններին։
Հրապարակման համաձայն՝ Ջոնսոնը Սաուդյան Արաբիայից մի պաշտոնյայի միջոցով փորձել է կապ հաստատել թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ՝ նրան կոնսալտինգային ընկերության ծառայություններ առաջարկելու նպատակով։ Բացի այդ, նա ավելի քան 200,000 ֆունտ ստեռլինգ (մոտ 22,4 միլիոն ռուբլի) է ստացել Merlyn Advisors հեջ-ֆոնդից՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպումից հետո, թեև նախկինում պնդել է, որ այդ կոնտակտի համար ոչ մի գումար չի ստացել։
Նշվում է նաև, որ իր վարչապետության օրոք Ջոնսոնը գաղտնի հանդիպում է ունեցել ամերիկացի գործարար և Palantir-ի հիմնադիր Փիթեր Թիելի հետ։ Դրանից մի քանի ամիս անց Palantir-ը պայմանագիր է ստացել Անգլիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) տվյալների վերլուծության համար։




























