Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ բանակցային գործընթացը շարունակվում է, չնայած այն բանի, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից: Այս մասին հունվարի 25-ի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի վերոնշյալ ձգտումը բացատրվում է նրանով, որ այդ երկիրը նախընտրում է հարցի լուծման ռազմական ճանապարհը. «Սակայն նոր պատերազմի հեռանկարը շատ հեռու է: Ադրբեջանն էլ է գիտակցում, որ նոր պատերազմը իր համար կարող է կործանարար լինել` նկատի ունենալով նախկին պարտությունը: Իսկ ադրբեջանական բանակի առավելությունը հայկականի նկատմամբ պարզապես առասպել է»:
Ըստ Մելքոնյանի` մի կողմից Ադրբեջանը բանակցային փուլում է մնում, իսկ մյուս կողմից էլ հայտարարում է, որ կարող է դուրս գալ դրանից. «Սակայն Ադրբեջանն այլընտրանք չունի: Այսօր քաղաքական իրողությունների աշխարհում Ղարաբաղի հարցով բանակցությունները թելադրում են հենց միջնորդ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը: Սոչիում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ գործընթացը շարունակվում է, եւ Ադրբեջանն ինչքան էլ փորձի, չի կարող չի փախչել Մինսկի խմբից»:
Այն հարցին, թե հնարավոր է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի որոշակի փոփոխություններ Վլադիմիր Պուտինի` Ռուսաստանի նախագահի պաշտոնին վերադառնալու դեպքում, Մելքոնյանը նշել է, որ ոչ մի փոփոխություն էլ չի լինի, իսկ Ռուսաստանն էլ չի հրաժարվի իր միջնորդական գործունեությունից:




























