Երեւանը այս տարվա հունիսին 3 տարով կընդունի Բոլոնյան գործընթացի քարտուղարությունը եւ փաստացի կհանդիսանա այդ գործընթացի կազմակերպչական կենտրոնը (մայքաքաղաքը); Այդ մասին այսօր` հունվարի 26-ին կառավարության նիստում հատարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով` Հայաստանը ԱՊՀ-ում առաջինն է, իսկ Արեւելյան Եվրոպայում երկրորդը, որը նման վստահության է արժանանում: Սա, ըստ Աշոտյանի, Հայաստանի կրթական համակարգի նկատմամբ վստահության արտահայտություն է, աննախադեպ իրադարձություն Հայաստանի կրթական պատմության ընթացքում:
Նշենք, որ ներկայում Բոլոնյան գործընթացի քարտուղարությունը գտնվում է Ռումինիայում, սակայն հունիսին Բուխարեստի գագաթաժողովում այդ լիազորությունը կփոխանցվի Երեւանին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե ինչ ծախսեր է անելու Հայաստանը այդ 3 տարում, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ Ռումինիան 3 տարում ծախսել է մոտ 700 հազ. եվրո, բայց քանի որ Հայաստանը 3 տարով է ընդունելու քարտուղարությունը, ամենայն հավանականությաբ ծախսը կկազմի 1 մլն եվրո: Ըստ Աշոտյանի` այդ գումարների 90 %-ի աղբյուրն արդեն հայտնի է: Մասնավորապես` դրամաշնորհ կստացվի Եվրամիությունից, ֆինանսական մասնակցություն կցուցաբերեն մասնավոր հատվածն ու բուհերը: Ա. Աշոտյանի կարծիքով` ավիափոխադրողները («Արմավիան», «Ավստրիական ավիաուղիները» եւ այլն) պետք է զեղչեր սահմանեն այս գործընթացի շրջանակներում Հայաստան այցելող կամ Հայաստանից մեկնող պաշտոնական պատվիրակությունների համար:




























