Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պետք է փոփոխություններ ակնկալել, երբ Ռուսաստանում նախագահ կդառնա Վլադիմիր Պուտինը: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպմանը, նա նշեց, որ այդ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունն աջակցում է ռուսական դիվանագիտությունը:
«Պուտինի օրոք ոճը կփոխվի: Ամենայն հավանականությամբ, նա ավելի քիչ ձեռք կսեղմի: Նրա ոճը Ալիեւին եւ Սարգսյանին մի սենյակում հավաքվելն ու ճնշում գործադրելն է:
Հաշվի առնելով Պուտինի եւ Սարգսյանի ոչ այնքան լավ հարաբերությունները, այդ ճնշումը մեզ վրա քիչ կազդի: Այսինքն սա առավելություն է, քան Քոչարյանի օրոք»,-հայտարարեց Ռ. Կիրակոսյանը:
«Սոչիում ավելի քիչ էին պատերազմի հայտարարություններն Ադրբեջանի կողմից: Միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը հասկացրին, որ ռազմատենչ հայտարարությունները վտանգավոր են»,-ասաց նա ու հավելեց. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է ամրապնդվել: Հայաստանը դառնում է ավելի շատ ռազմավարական նշանակության երկիր»:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, փորձագետը նշեց. «Պատերազմի վտանգը կախված է պատահական դեպքերից: Ադրբեջանը հասկանում է, որ պատերազմ սկսելու դեպքում կպարտվի»:




























