«Ժառանգություն» կուսակցությունը մտահոգված է, որ որքան մոտենում է ընտրական գործընթացն, այնքան ակնհայտ է դառնում, որ արատները շտկվելու փոխարեն էլ ավելի են խորանում: Այս մասին, այսօր` հունվարի 26-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը:
Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որ այս ընտություններն իրենց ազատությամբ եւ արդարությամբ կտարբերվեն մինչ այդ եղած ընտրություններից, ու նկատեց. «Խոսքերին քայլերը պետք է հաջորդեին, որոնք չհաջորդեցին: Սա անհանգստացնում է «Ժառանգությանը»: Հիշեցնեմ, որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհանիսյանն իր նամակում առաջարկում էր քայլ առ քայլ մոտենալ ազատ եւ արդար ընտություններին: Ժամանակն է, որ հասարակությունն սթափվի, քանի որ նրանց արդեն հանդիսատեսի լուսանցքից էլ են ցանկանում դուրս մղել»:
Կարինե Հակոբյանի ներկայացմամբ, այսօր Հայաստանի քաղաքական դաշտը նման է մի թեւանի դեւի, որն իշխանությունն է: Իսկ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի տարաձայնություններին ընդդիմադիր գործիչը չի հավատում, քանի որ նրանց մի մարմին է համարում:




























