2026 թվականը 2021-26 թվականների ձեր կառավարության ծրագրի վերջին բյուջետային տարին է հետևաբար հիմա առիթն է, որ այն խոստումները, որոնք եղել են տնտեսական սոցիալական ասպեկտում, համակարգված ամփոփումը ունենային կամ գնահատվեին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա նկատեց, որ երբ նախկինում այդ հարցերը իրենք ներկայացրել են, կառավարությունից պատասխանել են, որ դեռ ժամանակ կա, մենք մեր խոստումների տերն ենք, կկատարենք. «Դուք խոստացել էիք տարեկան առնվազն 7% անոց տնտեսական աճ, հիմա կարծես թե այդ 7% անոց տնտեսական աճը, եթե գոնե միջինով հաշվենք, ապահովված է։ Այլ հարց է, որ դրա մի մեծ մասը արտաքին դրական գործոնով է պայմանավորված։

Հիմա եթե տնտեսությունը աճել է, նաև ծրագրված հարկային եկամուտները հավաքել եք, դուք խոստացել էիք, որ 2026-ին պիտի միջին կենսաթոշակը լինի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին հավասար։ Նվազագույն կենսաթոշակն էլ պիտի լինի պարենային զամբյուղի արժեքին հավասար։ Նվազագույն աշխատավարձն էլ, պիտի սահմանեք 85000 դրամ։ Սա դուք ներկայացրել եք կառավարության ծրագրում։ Հիմա ձեր էդ խոստումները չեք կատարում։

Միջին կենսաթոշակը 50 000 դրամ է, եթե նույնիսկ ձեր հաջորդ տարվա այդ հետվերադարձինն էլ նկատի առնենք, որ 6000 դրամը դարձնում եք 10000 դրամ։  լավագույն դեպքում միջին կենսաթոշակառուի թոշակը կարող է դառնալ մինչև 55-56 հազար։ Իսկ այսօր արդեն առաջին 9 ամիսների տվյալներով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 82 հազար դրամ է։ Տեսեք ինչքան ահռելի է տարբերությունը։

Հիմա դուք այդ ձեր խոստումը չեք կատարել, որովհետև ի սկզբանե դա պոպուլիստական էր և նպատակը քաղաքացու քվեն ստանա՞լն Էր, թե՞ տնտեսական այս աճերը, որ ներկայացնում եք, դրանք իրական չեն, նկարված են»,–ասաց նա։

Ի պատասխան ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց. «Նախ ասեմ, որ ամենամեծ աճը 2025–ից 2026 թվական հենց տեղի է ունենում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով, որը պայմանավորված է տարբեր հանգամանքներով։ Բյուջեի պլանավորման հիմքում կաևորը ֆիսկալ կայունության ապահովումն է։

Վստահ եմ դուք հիմա այս հարցը որ տալիս եք չեք ակնկալում որ օրինակ եթե մենք առաջարկեինք կամ դուք գայիք առաջարկեիք հիմա, ասեք՝ եկեք միջին կենսաթոշակը բարձրացնենք, դարձնենք պարենային զամբյուղին համապատասխան, որը պետք է որոշակի անկայունություն բերեր մեր ֆիսկալ միջավայրում, դա կլիներ սխալ քաղաքականություն։ Եվ հենց նույն կենսաթոշակառուները, որոնք պետք է այդ թոշակը ստանային, վստահ եմ ավելի վատ կենսամակարդակ կունենային դրա հետևանքով, քան դրանից առաջ։

Այո, կառավարության ծրագրով բազմաթիվ նախագծեր են ներկայացվել, շատ խոստումներ են տրվել, դրանց մեծ մասը կատարված են կամ կատարվելու են, մյուս մասն էլ հնարավորության սահմաններում, որովհետև խոսքը մեր բոլորի հնարավորությունների մասին է»։

Թադևոս Ավետիսյանն իր արձագանքում նշեց. «Այս խոստումը վերաբերում է ամենաանապահով մեր քաղաքացիներին, ձեր կառավարման շրջանում իրենց կյանքի որակը վատացել է, որովհետև գները ավելի արագ են աճել, քան իրենց թոշակը կամ սոցիալական անապահովության նպաստները կամ մինիմալ աշխատավարձը։

Դուք ասել էիք 7% -անոց աճ կլինի, հիմա եղել է, ի՞նչ ֆինանսական անկայունության մասին է։ Տնտեսությունը աճել է այն չափով, ինչ չափով դուք ծրագրել եք։ Հիմա թոշակառուն և աշխատող աղքատը ասում է՝ բա ինձ ինչի՞ մոռացաք։ Ասում է՝ բա ես էլ պիտի հիմա ստանայի պարենային զամբյուղի արժեքի չափով նվազագույն թոշակ, ինչի՞ չեմ ստանում։ Ես պիտի ստանայի միջին թոշակ, որը պիտի հավասար լիներ նվազագույն աշխատավարձի չափով։ Ինչի՞ չեմ ստանում։

Լավ, հիմա ասֆալտ եք անում, շատ լավ եք անում, այս ամեն ինչը լավ է, պետական ծառայողի աշխատավարձն էլ որ բարձրացնեք շատ ավելի լավ, բայց դա չի նշանակում, որ մեր հանրության շուրջ 40% ամենաանապահով խավերին տված ձեր խոստումը պիտի չկատարեք»։